Սա այն ժամանակն է, երբ բոլորը մի բան են երազում՝ աշխատել, և թե երբ այս սարսափելի իրավիճակը կավարտվի․ Մ․ Մխիթարյան
Աջակցիր «Ա1+»-ինՍտանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է իր աշխատանքն արտակարգ դրության պայմաններում: Պարետի հատուկ թույլտվությունից հետո, դերասանները հնարավորություն են ստացել ներկայանալ փորձերին երկու, երեք հոգանոց կազմով:
«Ա1+»-ը հեռախոսազրույց է ունեցել թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի հետ:
Թատրոնի բախտը բերեց գիտե՞ք ինչում, որ մենք ունենք ներքին բակ և բեմադրվող ներկայացումները կհարմարեցվեն թատրոնի բացօթյա տարածքներում խաղալու համար:
Երբ մենք սկսենք խաղալ թատրոնի ներքին բակում, դա որևէ մեծ ֆինանսական ներդրում չի կարող ունենալ, բայց այս պահին կարևորը մեր հանդիսատեսին չկորցնելն է, դերասանի մասնագիտությունը չկորցնելն է: Իսկ թատրոնի առաքելությունը զգացմունքային և հոգեբանական աջակցությունն է, որպեսզի մթնոլորտը երկրում ու մարդկանց հոգիներում ավելի լավատեսական լինի:
– Տիկին Մխիթարյան, ինչպե՞ս անցկացրեցիք համաճարակի այս մի քանի ամիսը:
– Մարտի 16-ից ամբողջ աշխարհով, մի երկիրն ավելի շուտ, մյուսն՝ ավելի ուշ, մտանք մի ընթացքի մեջ, որը մեր երկրագնդի պատմությունը չի ունեցել: Մտանք մի այնպիսի անորոշության մեջ, որից դուրս գալու փորձ ոչ ոք չունի և որևէ բաղադրատոմս չկա: Հիմա բոլորս ստեղծված այս իրավիճակի մեջ փնտրում ենք այդ բաղադրատոմսը: Յուրաքանչյուրն ունի իր ընկալումը և պատկերացումը, թե ինչ է կատարվում:
Ես այս ընթացքում շատ եմ զրուցել Ամերիկայում, Ռուսաստանում, Իսրայելում, Շվեյցարիայում գտնվող իմ բարեկամների, ընկերների հետ հեռախոսով, Viber-ով, WatsApp-ով: Ուղղակի հրաշք է, որ մենք ունենք նման հնարավորություն: Ասեմ, որ ուժ էի ստանում այս զրույցներից: Մարդկային հոգին նման իրավիճակում երևի շփման ավելի մեծ կարիք ունի, և որը հիմա պետք է ավելի գնահատենք:
Իմ խառնվածքի համաձայն, ես սթրեսային ու ոչ ստանդարտ իրավիճակներում ավելի արագ եմ հավաքվում, փորձում կողմնորոշվել: Օնլայն ներկայացումները, որոնք գոնե առաջին ամիսներին հեռարձակում էինք և ասեմ, որ դիտումների քանակից ելնելով այն պահանջարկ ուներ, ընդամենը որպես հարկադրված քայլ կարելի է դիտարկել:
Իմ պատկերացմամբ, դրանք ոչ թե ներկայացումներ են, այլ ընդամենը պատկերացում է այդ ներկայացման մասին: Իհարկե այս իրավիճակը մեզ հասկացրեց, որ ցանկացած թատրոն պետք է ունենա լավ որակով տեսագրված իր ներկայացումները: Մենք նույնիսկ այս ընթացքում պրոֆեսիոնալ նկարահանման մի փորձ ունեցանք՝ Դոստոևսկու «Աղքատ մարդիկ» վեպի հիման վրա ներկայացումը հատուկ online ցուցադրության համար: Այս ամենն իհարկե կարող է և շարունակվել, սակայն, ի վերջո թատրոնը կենդանի արվեստ է, միջավայր է, որտեղ, հավաքվում են գեղեցիկ հագնված տիկնայք և տղամարդիկ, նստում են իրար կողք, իրենց էներգետիկան փոխանցում դերասաններին: Այսինքն, այս ամենը կայանում է ներկայացման ժամանակ, կայանում է կոնկրետ այս հանդիսատեսի հետ, տվյալ ներկայացման ժամանակ: Հաջորդ օրվա ներկայացմանը կլինի այլ հանդիսատես և դա կլինի այլ ներկայացում: Սա է թատրոնի զարմանահրաշ, առեղծվածային աշխարհը:
– Թատրոնում վերսկսվե՞լ են փորձերը:
– Այո, պատրաստում ենք չորս ներկայացում և հիմա տարբեր չորս բեմադրիչներ փորձեր են անում: Այս պահին թատրոնում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, պահպանելով բոլոր կանոնները՝ ալկոգելեր, դիմակներ: Մենք արդեն ունենք հանդիսատեսին նստացնելու սխեման: Հենց որ թույլ տան խաղալ, իսկ մենք հույս ունենք, որ այդ համաձայնությունը կստանանք, երեք օրից կկարողանանք ունենալ առաջնախաղ: Բոլոր չորս ներկայացումները կարող ենք խաղալ և բացօթյա տարածքում և փակ դահլիճում: Ողղակի հիմա ստեղծված իրավիճակի պայմաններում ներքին բակը որոշակիորեն փրկություն է: Նաև յուրատիպ էքսպերիմենտ է, ընդ որում նաև դերասանների համար, որովհետև մի զգացողություն է, երբ խաղում ես դահլիճի բեմում, մեկ այլ ՝ բաց երկնքի տակ, երբ դու տեսնում ես կապույտ երկինք, կամ երեկոյան աստղեր:
Ինձ թվում է, դերասանների մոտ նոր վերաբերմունք կձևավորվի, նոր զգացողություններ նոր միջավայրում:
– Ասում են, որ մարդկային հիշողությունը կարճ է, այս իրավիճակն էլ կգնա, կմոռացվի: Համաձա՞յն եք
– Կարծում եմ, կանցնի մեր ենթագիտակցության մեջ որպես հիշողություն, բայց այդ հիշողությունը, բնականաբար, կանդրադառնա թե մեր արարքների, թե մեր ապագայի, թե մեր հարաբերությունների վրա:
– Մեր վերջին հարցազրույցի ժամանակ Դուք ասացիք, որ թատրոնում տեխնիկական բարեփոխումների վերանորոգման աշխատանքների շրջան է սպասավում:
– Բնականաբար այս չորս ամիսների ընթացքում ամեն ինչ կանգ առավ, բայց հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի և ես անցյալով կասեմ ՝ արել ենք, ավարտել ենք, բեմադրում ենք: Կյանքը ցույց կտա, քանի որ չգիտենք, թե ինչ կլինի վաղը: Իսկ առայժմ, անում եմ ամեն ինչ, որպեսզի այն ծրագրերը, որոնք ծրագրված էին, գոնե որոշ չափով իրականանան:
– Թատրոնն այսօր ունի՞ ֆինանսական խնդիրներ:
– Եթե թատրոնը չի գործում, չի աշխատում, ներկայացումներ չենք խաղում, ապա, անշուշտ, այդ խնդիրը կա: Բայց ֆինանսականից երևի թե ավելի մեծ են հոգեբանական, մասնագիտական խնդիրները: Կարծում եմ, որ հիմա շատ ավելի կարևոր է այս փուլում դերասանների համար չկորցնել մասնագիտությունը, չկորցնել հոգեկան հանգստությունը, ներդաշնակությունը աշխարհի հետ և չկորցնել հանդիսատեսին: Դա է հիմա ամենակարևորը:
–Ինչպիսի՞ն է հիմա մթնոլորտը թատրոնում: Կլինե՞ն արդյոք կրճատումներ:
– Սա այն ժամանակն է, որ բոլորը մեկ բան են երազում՝ աշխատել, և թե երբ այս սարսափելի իրավիճակը կավարտվի: Ինչ վերաբերում է կրճատումներին, վստահ եմ, որ մեր մոտ կրճատումներ չեն լինի: Մենք ստանում ենք մեր աշխատավարձը, աշխատում ենք, բոլորս միահամուռ ենք և պատրաստվում ենք պատշաճ կերպով հաղթահարել և դուրս գալ այս իրավիճակից: Կան նաև դրամաշնորհներ, բայց առայժմ դրանք սառեցված են: Այն, ինչ պետությունը պետք է տար թատրոնին, առայժմ ստանում ենք և լիահույս եմ, որ մենք մեր աշխատանքով կապացուցենք և, ինչու ոչ՝ ապացուցում ենք, որ ավելիին ենք արժանի, և ստեղծված բարդ ֆինանսական իրավիճակում բացի պետության աջակցությունից փորձում ենք գտնել ալտերնատիվ ֆինանսավորման աղբյուրներ:
Բոլոր դեպքերում սա նոր փուլ է բոլորիս համար և երբ, տա Աստված, ավարտվի համաճարակը, բոլորս կվերադառնանք արդեն այլ հոգեբանությամբ՝ թե դերասանները, թե հանդիսատեսը, թե ամբողջ աշխարհը: Երևի թե կյանքի նոր փուլ կսկսվի բոլորիս համար, և թող որ այն լինի ավելի հաջողակ ու երջանիկ: Ժամանակը ցույց կտա: