Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գործող մեխամիզմը բավականին հաջող է․ Արարատ Միրզոյանը՝ նախագահի առաջարկի մասին (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի նախկին անդամներն իհարկե իրավունք ունեին դիմել ՄԻԵԴ, ինչը և արել են, բայց ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում պետք է կայացնի, թե ոչ, տեղյակ չեմ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՍԴ նախկին անդամների և Հրայր Թովմասյանի՝ ՄԻԵԴ դիմելու հարցին:

«Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ Միրզոյանն անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը, թե ՍԴ անդամներից 3-ին նշանակելու իրավասությունը պետք է հանձնել նախագահին:

ԱԺ նախագահը հիշեցրեց, որ Հանրապետության նախագահը երկու անգամ թեկնածու է առաջադրել,  ԱԺ-ի կողմից չեն ընտրվել, իսկ  մեկ անգամ ընտրվել է:

«Գործող սահմանադրական նորմերով դատարանակազմ մարմինները, այդ թվում՝ նախագահը առաջարկում են թեկնածուներ, ընտրությունը թողնված է նախագահին, վարվել ենք այնպես, ինչպես նախատեսում է Սահմանադրությունը, ցանկացած դատարանակազմ մարմնի առաջարկություն մենք այստեղ դիտարկում ենք, այնուհետև քվեարկությամբ համաձայնվում ենք կամ՝ ոչ»:

Ինչ վերաբերում է նախագահի առաջարկին, Միրզոյանն ասաց՝ պետք է պաշտոնապես կամ բանավոր դիմի Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին, բայց ըստ Միրզոյանի՝ գործող մեխամիզմը բավականին հաջող է:

ԱԺ նախագահը նաև նշեց, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի չստորագրման մասին նախագահի հետ քննարկում չի ունեցել, սակայն մեծ սիրով նախագիծը կստորագրի, երբ իր համար օրենսդրորեն կբացվի ճանապարհը:

Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև պարգևավճարների խնդրին, նշեց, որ սա արդարացված քայլ է, և խոսքը մեծ միլիոնների մասին չէ:

Ինչ վերաբերում է դիմակների չկրման համար նախատեսվող տուգանքների խստացման օրինագծին, որը դեռևս շրջանառությունից հանված է, Միրզոյանն այս առնչությամբ ասում է՝ սա քմահաճույք, տուգանելու ցանկություն կամ բյուջեն լցնելու միջոց չէ, այլ վարակը կանխելու միջոց է:

Լրագրողներից մեկի հարցադրմանն ի պատասխան՝ Միրզոյանը խոսեց նաև իր ապառիկների մասին, որոնց անդրադարձել էր նախկինում.

«Ես իմ ապառիկները և վարկերը շարունակում եմ մուծել»,- ասաց նա: