Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

 1մլն  600 հզր ականջապիտակ՝   խոշոր եղջերավոր կենդանիների համար (տեսանյութ)

Կորոնավիրուսը արգելք  չի  դարձել   գյուղմթերքի արտահանման համար։  Էկոնոմիկայի փոխնախարար  Արման Խոջոյանը վստահեցնում է՝   բեռնատարները անարգելք հատում են սահմանը, եւ  արդեն Հայաստանից արտահանվել  է ընդհանուր 58 000 տոննա պտուղ-բանջարեղեն։ Այն  2019 թվականի համեմատ 15 տոկոսով ավելի քիչ է, բայց այս դեպքում համավարակը չէ խնդիրը։ 

Անբարենպաստ եղանակի հետեւանքով  ծիրանի  բերքն ավելի քիչ է,  քան կանխատեսվում էր ու  գրեթե 3 հազար տոննա պակաս է արտահանվել:

 

Ցորենի պակաս չի լինի

Հայաստանում եւ Արցախում այս  տարի աշնանացան ցորենի 200 հազար տոննա  բերք են ակնկալում։ Փոխնախարարն այդ լավ ցուցանիշ է համարում։

Նա հիշեցնում է, որ  կառավարության հավանությանն էր արժանացել  աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է աշնանացան ցորենի գնի մասնակի  սուբսիդավորման միջոցով նպաստել  բերքատվության բարձրացմանը։

«Այս ծրագրով երկու նպատակ ենք հետապնդում. ցույց տալ, որ որոշակի ներդրման դեպքում ավելի շատ եկամուտ կարող ենք ստանալ՝  որակյալ սերմացու օգտագործումով եւ փոխել գյուղացիական տնտեսությունների վարքագիծը։ Այն է, որ այս տարվա  ծրագրին մասնակից ֆերմերները կձեւավորեն լրացուցիչ եկամուտ եւ այդ եկամուտը կներդնեն որակյալ սերմացուի ձեռքբերման համար, եւ դրանով կձեւավորեն վարքագիծ ամեն տարի բարձրորակ  սերմացուի ձեռքբերման համար»,- ասաց Արման Խոջոյանը։

Ծրագրում ներառված չեն Արարատի, Արմավիրի եւ Վայոց ձորի մարզերը։ Շահառու կարող են  հանդիսանալ ՀՀ յոթ մարզերում 2-20 հեկտար ցանքատարածություններ մշակող ֆերմերները, յուրաքանչյուր տնտեսվարող կարող է ձեռք բերել առավելագույնը 7 հազար կգ սերմ։

 

Համարակալելու են

Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումը կծառայի որպես հսկողական գործիք, որի միջոցով հանրապետությունում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ պայքար վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ։  Հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը.  

«Մենք համարակալման ծրագրի հիմքում շատ ենք կարեւորում ազգաբնակչության իրազեկման գործընթացը. մենք կիրականացնենք իրազեկման արշավ եւ դրանից հետո կսկսենք  համարակալումը։ Այս տարի նախատեսել ենք համարակալել 800 հզր գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ, եւ դրա համար գնվելու են 1մլն  600 հզր ականջապիտակ, մեկ կենդանու հաշվով նախատեսվում է երկու ականջապիտակ»:

Նա հավելեց, որ համարակալման ականջապիտակը կպարունակի տեղեկատվություն կենդանու անհատական համար եւ հաշվառման մարզի մասին։