Եթե Մինասյանն ու ընտանիքը վերադառնան, նրանց ոչինչ չի կաշկանդի մեզ քրեական պատասխանատվության ենթարկել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄԻԵԴ-ի որոշումը միանշանակ սպասելի էր, ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որովհետև նախադեպերը խոսում են այն մասին, որ միջանկյալ միջոց կիրառվում է, երբ առկա է մարդու հիմնարար իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու վտանգ։
Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձավ ՄԻԵԴ-ի երեկ կայացրած որոշմանը, ըստ որի՝ մերժվել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ նախկին 3 դատավորների պահանջը՝ հայցի ապահովման միջանկյալ միջոց կիրառելու եւ սահմանադրական փոփոխությունների գործընթացը սառեցնելու մասին։
Ինչ վերաբերում է Վատիկանում նախկին դեսպանի հայտարարությանը, թե Սահմանադրական հեղաշրջման համար հաջորդ իշխանությունների օրոք 89+1 պատգամավորները ենթարկվելու են քրեական պատասխանատվության, Ջուլհակյանն ասում է՝ Մինասյանը իր քրեական գործերի մասին պետք է մտածի, որոնք արդեն բավականաչափ կուտակվել են և նրա կողմից արդարադատությունից խուսափելու պատճառով չեն քննվում․
«Եթե հանկարծ դժբախտություն պատահի և Միքայել Մինասյանն ու իր ընտանիքը վերադառնան իշխանության, ինչը ես բացառում եմ, նրանց, բնականաբար, ոչինչ չի կաշկանդելու մեզ քրեական պատասխանատվության ենթարկելու, թեկուզ գազոնի վրա սխալ կանգնելու պատճառով, բայց Սահմանադրությունը հստակ ասում է, որ պատգամավորը իր կատարած քվեարկության համար չի կարող ենթարկել պատասխանատվության»։
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից երեկ բեկանված վճռին և ընդդիմադիրների շարունակական պնդումներին, որ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում, պատգամավորը նշեց՝ բավականին մոդայիկ է դարձել քաղաքական հետապնդում եզրույթը։
«Բոլոր այն անձինք, ովքեր նախկինում իրենց կատարածի համար կանչվոմ են պատասխանատվության, միանգամից դառնում են քաղհալածյալներ և քաղաքական հետապնդման զոհեր, սա զավեշտալի է»,-ասաց նա։
Իրավական պրոցեսի վերաբերյալ պատգամավորը դիրքորոշում չարտահայտեց՝ հորդորելով սպասել Առաջին ատյանի դատարանի նոր քննությանը։