Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ես հարված կհասցնեի Նախիջևանի ուղղությամբ, որովհետև մեր ռազմական պոտենցիալը դա թույլ է տալիս».  Արման Նավասարդյան (տեսանյութ)

Այն, ինչ կատարվում է Տավուշում, մեծ գործողությունների մի փոքրիկ մասն է ուղղակի, եթե այս խնդիրը չկարողանանք լուծել մեր օգտին, չի բացառվում, որ այն ավելի խորանա,-  կարծում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Այս  հարձակումը նա համարում է  ոչ այնքան Ադրբեջանի, որքան  Թուրքիայի որդեգրած քաղաքականության դրսեւորում .  «Թուրքիան պատերազմ է հայտարարել ամբողջ քաղաքակրթությանը և այս գործողությունները կարծում եմ պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։ Կարծես Արցախը մնում է Արցախ, թիրախավորում են Հայաստանը։ Այս խառը քաոսային իրավիճակում փորձում են լուծել հայերի հարցը»։

Հայաստանի ուղղությամբ ռազմական գործողություններ սկսելը միջոց է հասկանալու՝ ինչպիսին է հավասարակշռությունը մարտի դաշտում և միջազգային դիվանագիտության ասպարեզում։

 «Այս պարագայում դիվանագիտությունը մղվում է երկրորդական պլան։ Երբ գնդացիրն է գործում, դիվանագիտությունը լռում է, ցավոք սրտի։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք դիվանագիտական դաշտում պետք է չգործենք։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը շատ առաջ կգնա, այս պահին նա «մինուսով» է աշխատում»,-ասաց նա։

Զարգացումները ցույց են տալիս, որ մեր զինված ուժերը պաշտպանվողական գործելաոճից անցում են կատարել հարձակվողականի՝ կոտրելով մինչ այս ձևավորված կարծիքը։ Դեսպանի համոզմամբ կարող ենք նույնիսկ ունենալ շահեկան դիրքեր՝ հնարավորինս քիչ արյունով. «Չգիտեմ ինչ ուղով գործընթացը կընթանա, բայց պիտի պատրաստ լինենք խնդիրը լուծել մեր օգտնին։ Այնպիսի իրավիճակ է, որ մի քանի սերունդների ընթացքում հնարավոր չի լինի հաշտություն գտնել երկու պետությունների միջև»։

Արման Նավասարդյանը ընդգծում է՝ Ադրբեջանում հիմա սուր պայքար է Ալիև-Մամեդյարով-Փաշաև կլանների միջև, այնտեղ գնում է ներքաղաքական կռիվ, սակայն շարժիչ ուժը մնում է Թուրքիան․«Նրանք փորձում են վերացնել Հայաստանը երկու թուրքական պետությունների միջև, փորձում են լուծել ազգային ուխտը։ Վառ օրինակը այն է, որ Նախիջևանում հիմա նստած է թուրքական հինգերորդ բանակը, կուտակվում է տեխնիկա, սկսվելու է կառուցվել գազատարն ու երկաթուղին։ Նախիջևանից է սկիզբ առնում այն ուղությունը, որով շարժվում է Թուրքիան»։

Ըստ նրա՝ Թուրքիան, անթաքույց պաշտպանելով Ադրբեջանին, դառնում է կոնֆլիկտի երրորդ կողմ.

«Կարծում եմ՝ Թուրքիան փորձում է Ռուսաստանին ներքաշել այս խաղի մեջ և պատահական չէ, որ Լավրովի հայտարարությունը նման էր նախազգուշացման՝ չխանգարել երկու կողմերին լուծելու իրենց խնդիրները, հանդես գալ բալանսավորված»։

Ի հակադրում՝ Հայաստանը առ այսօր չի բարձրաձայնում երրորդ ուժի ամհրաժեշտությունը՝ ի ցույց դնելով իր մարտունակությունը․ «Հայաստանն այսօր իրավունք ունի հասցնելու կանխարգելիչ հարված, քանզի գլխին կախված է պատերազմի վտանգը։ Ես հարված կհասցնեի Նախիջևանի ուղղությամբ, որովհետև մեր ռազմական պոտենցիալը դա թույլ է տալիս և մտնում է միջազգային իրավունքի օրինակներում»։

Արման Նավասարդյանի համար զարմանալի չէ ՀԱՊԿ-ի դիրքավորումը՝ դա այն կազմակերպությունը չէ, որի վրա կարելի է հույս դնել․ «ՀԱՊԿ-ը կրկին ու կրկին անգամ ապացուցում է, որ չի պատրասվում օգնել մեզ։ Այնտեղ հավաքված են ուժեր, որոնք, մեղմ ասած,  մեզ բարեկամ չեն։ Այդ կազմակերպության շրջանակներում մենք ունենք միայն ռուսներին որպես դաշնակիցներ։ Ռուսաստանն էլ պահում է սահմանները, ոչ մեզ, այլ իր համար։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիայի վտարմանը, կարծում եմ,  նրան դուրս չեն հանի։ Ավելին Թուրքիայի երազանքն է դառնալ համանախագահ  երկիր։ Նրան կարող են նախատել, սակայն իր լտիությամբ Էրդողանը կարողացել է պինդ տեղ գրավել միջազգային թատերաբեմում»։

Դեսպանի խոսքով կարևոր է ոչ միայն հույսը կապել զենքի հետ՝ աշխատել նաև դիվանագիտական ուղղությամբ․ «Սխալ է չաշխատել դիվանագիտական մասով, ամեն դեպքում բանակցել անպայման պետք է։ Պետք է ապավինենք սփյուռքի օգնությանը և այսօր հրաժարվենք ներքին երկպառակություններից՝ դառնալով մեկ բռունցք»։