Առաջարկվում է սահմանամերձ բնակիչներին ազատել հողի հարկից և գույքահարկից. պատգամավորների առաջարկը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռաջարկվում է շարունակել սահմանամերձ բնակավայրերին սոցիալական աջակցությունը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է սահմանամերձ 36 բնակավայրերին շարունակել տրամադրել սոցիալական աջակցություն։ Ներկայացվող նախագիծը նախատեսում է մինչև 2024 թվականի հունվարի մեկը սահմանամերձ բնակիչներին ազատել հողի հարկից և գույքահարկից, ինչպես նաև 50 տոկոսով փոխհատուցել բնական գազի, հոսանքի և ջրի ծախսը։ Ինչպես նշում է նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը սա գործող օրենքի շարունակությունն է որոշակի փոփոխություններով.
«Օրենքը, որով պետության կողմից տրվում էր աջակցություն, մի քանի ամսից դադարում է, հարկ ենք համարում երկարացնել նախագիծը երեք տարով, որով հնարավորություն է տրվում սահմանապահ բնակիչներին պետության կողմից ստանալ որոշակի աջակցություն, հաշվի առնելով, որ ամեն օր վտանգում են իրենց կյանքն ու գույքը»։
Նախագիծը սահմանում է մի քանի հիմնական դրույթ, մասնավորապես պետության երաշխավորությամբ նորոգել այն տները, որոնք վնասվել են հրետակոծություններից, ռազմական գործողությունների ընթացքում սահմանապահ բնակիչների վիրավորվելու կամ հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում պետությունից ստանալ 1-3 մլն , մահվան դեպքում ՝ 5 մլն դրամ, փոխհատուցել նույն գործողությունների արդյունքում սպանված ընտանի կենդանիների վնասը, ինչպես նաև բարձր դասարանների աշակերտների դասագրքերի գումարը փոխհատուցել հիսուն տոկոսի չափով կամ տրամադրել անվճար։
«Իհարկե առաջնային մնում է հողի հարկից և գույքահարկից ազատումը և կոմունալ ծախսերի կեսի չափով փոխհատուցումը։ Համաճարակով պայմանավորված մի քանի փոփոխություններ նախատեսվում են հաջորդ տարի, օրինակ մանկապարտեզները անվճար դարձնելն ու ուսանողների ուսման վարձերը փոխհատուցելը»,- ասաց նա։
Սոցիալական աջակցության մեջ ներառված են Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերը։ Օրենքի նախագծի քննարկումը կսկսվի սեպտեմբերին՝ ԱԺ-ի նստաշրջանի աշխատանքները սկսվելուն պես։