Ասես անդամները մասնատել են, ամեն անդամը դրել են մի տեղում. Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք, իբրև եկեղեցի չենք խառնվում դպրոցի ներքին կյանքին և եկեղեցին չի վերահսկում կրթությունը, բայց կրթության վերաբերյալ եկեղեցին պետք է ունենա իր տեսակետը, հեղինակավոր կարծիքը, որովհետև հայ դպրոցի հեղինակը այդ նույն եկեղեցին է եղել»,- ասում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ եկեղեցին նախարարության կողմից տրված ժամկետներում ներկայացրել է դիտողություններ, բայց մինչև օրս դեռ պատասխան չի ստացել։
«Մտահոգ եմ երկխոսության բացակայության համար։ Մենք պատրաստակամ ենք եղել միշտ հանդիպում ունենալ, բայց այդ հանդիպումը չեղավ»,- նշում է նա։
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշում է, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի նպատակն է ազգային ինքնագիտակցության և ինքնության ձևավորումը։
Նրա խոսքով՝ այս առարկան ինտեգրմամբ հնարավոր չէ փոխանցել աշակերտներին.
«Սա նմանվում է մի խեղանդամ մարդու, որի անդամները մասնատել են, ամեն անդամը դրել են մի տեղում, մի մասն էլ չկա, ու մենք ասում ենք պիտի երեխան պատկերացում կազմի այս մարդու մասին»։
5, 10 և 11-րդ դասարանի նյութը գրեթե ամբողջությամբ դուրս է բերված, իսկ 7-9-րդ դասարանների նյութը կցվել է հայոց պատմությանը, որոնց վերնագրերն էլ, ըստ հոգևորականների շատ ընդհանրացված են ու չեն համապատասխանում թեմաներին։
Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նկատում է, որ այս ամենի արդյունքում ամբողջ նյութից պահպանվել է ընդհանուր 30 տոկոսը. «Անգամ եկեղեցու 5 տաղավար տոները ինտեգրված չեն»,-պարզաբանում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում