Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սեւրի դաշնագիրն ու էրդողանի նկրտումները (տեսանյութ)

Սևրի պայմանագրի ստորագրումից անցել է   100   տարի։  ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ասում է՝   Սևրի պայմանագիրն այն միջազգային փաստաթուղթն է, որը սերտորեն կապված է հայ ժողովրդի պատմության հետ և այն պետք է ուսումնասիրվի ամենայն խորությամբ:

ԳԱԱ-ում կայացած Սևրի պայամանագրի 100-ամյակին նվիրված գիտաժողովին Ռուբեն Սաֆրաստյանը  մեջբերում է Թուրքիայի նախագահի՝ Էրդողանի  հետևյալ հայտարարությունը. «Նրանք պարտադրեցին Սևրը, բայց մենք համաձայնեցինք Լոզանի պայմանագրի հետ, մենք մի ազգ ենք, որ ապրում է մեր կորուստների ցավով,  եթե կանգ առնենք մենք կվերադառնանք Սևրի պայմաններին»։

Ռուբեն Սաֆրաստյանը պատահական չի համարում, որ  Սուրբ  Սոֆիայի տաճար - թանգարանը մզկիթի վերածումից հետո առաջին նամազը տեղի է ունեցել նույն այն օրը, երբ մեկ դար առաջ ստորագրվել էր Լոզանի պայմանագիրը։ 

«Էրդողանն ասում է՝ մենք պետք է վերանայենք Լոզանի պայմանագիրը, ինչը նշանակում է, որ Թուրքիան գնում է առաջ և ուզում է իրականացնել տարածքային ձեռքբեռումներ ի հաշիվ հարևանների։ Սա է Թուրքիան, և սա վտանգ է, ոչ միայն հարևան երկրների այլև հենց իրենց ժողովրդի համար»,-ասում է նա։

«Քեմալական Թուրքիան հնարավոր ներխուժումներից առաջ սպասում էր Ռուսաստանի համաձայնությանը. կարող ենք փաստել, որ հարյուր տարի անց էլ նրանց նկրտումները նույնն են»,-ասում է  Պատմական գիտությունների դոկտոր-֊պրոֆեսոր, ակադեմիայի պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը։  Նա  Սևրի պայմանագրի գլխավոր դասը համարում է սա.  «Չպետք է երբևէ անտեսել ռուսական գործոնի դերը տարածաշրջանում. չմոռանանք, որ կորցրեցինք ՀՀ անկախ պետականությունը հենց  քեմալաբոլշևիկյան, խորհրդաթուրքական համագործակցության արդյունքում, դաշնակիցների լռության պայմաններում»։

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ. օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև։ Ըստ այդ պայմանագրի` հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար քառ․ կմ  տարածք՝ դեպի Սև ծով ելքով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր  ուղերձ է հղել, որում ընդգծել է Սևրի պայմանագրի նշանակալից դերը հայ ժողովրդի պատմության մեջ՝ նշելով՝ չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին.  «Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը»։