Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0158955
A A
Քաղաքականություն

Միրզոյանը մանրամասներ է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցից

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ հայտնեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցից։ Հունվարի 8-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Միրզոյանն «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց, որ զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային իրավիճակը և տարածաշրջանային հարցեր։

«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու պատրաստակամություն մենք և թուրքական կողմը մշտապես հայտնել ենք։ Ցավոք, սա նաև փաստ է հրապարակային, որ թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա կարգավորումը շարունակում է կապել Հայաստան-Ադրբեջան կարգավորման հետ»,- նշեց Միրզոյանը։

Նախարարի համոզմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կարող էր դրական ազդեցություն ունենալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա։ 

«Իմ ընկալմամբ՝ հակառակ կողմից սկսելը, այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելը, շատ ավելի կհեշտացներ և դրական ազդեցություն կթողեր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա։ Այսպիսի ընկալում Թուրքիայում դեռ չկա։ Պետք է շարունակենք երկխոսությունը և՛ նախարարների մակարդակով, և՛ հատուկ բանագնացների մակարդակով, հնարավորության դեպքում՝ երկու երկրների ղեկավարների մակարդակով»,- ասեց Միրզոյանը։