«Հիմնական խնդիրը չակերտավոր դիտորդներն են» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի Ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը շարունակվում է առցանց քննարկումները ընտրական բարեփոխումների շուրջ։
Առցանց քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն կատարող և վստահված անձ հանդիսացողների ներկայացվածությանը ընտրական տեղամասերում։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նշում է՝ հիմնական խնդիրը չակերտավոր դիտորդներն են, ովքեր իրականում վստահված անձինք են.
«Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ ներկայացնում ու գրանցում են իրենց դիտորդներին, որոնք իրականում պատրաստված են որպես վստահված անձ։ Խնդիրն այն է, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունները ցանկանում են ունենալ մեկից ավել վստահված անձ»։
Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը առաջարկում է խնդիրը լուծել ԿԸՀ-ին որոշակի լիազորություններ տալով.
«ԿԸՀ-ն կարող է ունենալ լիազորություն՝ ստուգելու գրանցված հասարակական կազմակերպությունների որպես դիտորդ ներկայացված անձանց և հնարավորության դեպքում ուժը կորցրած համարել նրանց գործունեությունը»։
Դիտորդների, վստահված անձանց և ԶԼՄ-ների ներկայացուցիչների թվաքանակի սահմանափակումը ևս առաջարկվում է վերանայել։ Այսպես, ընտրական հանձնաժողովը իրավասու է ձայների առնվազն 2/3-ով ընդունած որոշմամբ սահմանելու քվեարկության սենյակում միարժամանակ գտնվելու իրավունք ունեցող դիտորդների և լրատվամիջոցների առավելագույն թիվը, որը չի կարող նվազ լինել 15-ից։
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդինե Գրիգորյանը առաջարկում է վերացնել դիտորդների և լրատվականների թիվը ընտրատեղամասում սահմանելու հանձնաժողովի իրավունքը.
«Սա խտրականություն է որոշել՝ ով մնա ընտրատարածքում, ով ոչ։ Պետք է վերականգնել դրույթը, ըստ որի դիտորդը, վստահված անձը կամ ԶԼՄ ներկայացուցիչը կարող են հեռացվել միայն ձերբակալման կամ կալանավորման դեպքում»։
Առաջարկվում է նաև ամրագրել լրատվամիջոցների իրական սեփականատերերի մասին տեղեկատվություն հրապարակելու պարտադիր պահանջը, որը պիտի զերծ պահի ընտրողներին ներկայացվելիք կողմնակալ, անհավասար քարոզչությունից։