2․5 տարի է՝ դատաիրավական բարեփոխումների առումով իշխանությունը զբաղված է ոչնչով․ փաստաբան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳերագույն դատարան ստեղծելու գաղափարը վատ գաղափար չէ, կարծում է փաստաբան Արայիկ Պապիկյանը. միևնույն ժամանակ հիշեցնում է՝ այսօր Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները չունեն հանրային վստահություն․
«Երբ հասարակության մեջ ասում ենք՝ Սահմանադրական դատարան, միանգամից բոլորիս մոտ այն զգացողությունն է, որ մենք խոսում ենք իշխանությունը ընտրություններով և հանրաքվեներով կեղծած կառույցի մասին, եթե մենք ասում ենք՝ Վճռաբեկ դատարան, ամբողջ հասարակությունը այդ անվանման տակ ընկալում է կոռուպցիա և դատական անիշխանություն»։
Պապիկյանը շեշտում է՝ շատ կարևոր է, որ այդ նոր ստեղծվող կառույցը կախվածություն չունենա քաղաքական իշխանությունից։
Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների հիմքի վրա ստեղծվող կառույցը կարող է հանրային վստահություն ունենալ, Պապիկյանն արձագանքեց, թե հանրային վստահությունը պետք է վաստակել աշխատանքով, միևնույն ժամանակ կարևորեց կադրերի ընտրության հարցը․
«Պետք է ընտրել կամ նշանակել այնպիսի անձանց, ովքեր կունենան բարձր բարոյական նկարագիր, որոնց թեկնածությունները արդեն առաջադրման պահից չեն դառնա հանրային ընդվզման առարկա»։
Փաստաբանը շեշտում է՝ ճիշտ անձանց և մեխանիզմների դեպքում միայն նոր ստեղծվող մարմինը կվաստակի հանրային վստահություն, միևնույն ժամանակ հիշեցնում է՝ օրինակ՝ Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղի համար առաջադրված բոլոր թեկանածուները հանրության կողմից միանշանակ չընդունվեցին․
«Ես չեմ համարում, որ ՀՀ-ում չկան այնպիսի անձինք, այնպիսի իրավաբաններ, ովքեր ունեն բարձր բարոյական նկարագիր, և որոնց թեկնածությունը չի դառնա հանրային քննարկման առարկա»։
Փաստաբանը նաև կարծում է՝ Սահմանադրական դատարանի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի ներկա կազմից որևէ մեկը Գերագույն դատարանի կազմում չպիտի լինի։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե եթե Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պետք է այս հարցը քննարկման առարկա դարձներ, և ՍԴ-ն պետք է լուծարվեր, արդյո՞ք անհրաժեշտություն կար Սահմանադրական դատարանի շուրջ ներկա զարգացումների, փաստաբանն արձագանքեց․
«Արդեն 2,5 տարի է՝ դատաիրավական բարեփոխումների առումով քաղաքական իշխանությունը զբաղված է ոչնչով, ոչինչ չի արվել, ընդամենը պետք էր շատ կարճ ժամանակում ընդունել նոր Սահմանադրություն։ Մենք ունենք ոչ լեգիտիմ Սահմանադրություն և փորձում ենք բարեփոխել ոչ լեգիտիմ ինչ-որ փաստաթուղթ, և այն 2,5 տարվա աշխատանքը, որը իրականացվեց, այդ թվում՝ ՍԴ անդամների կամ դատավորների փոփոխության հետ կապված, ժամանակի զուր վատնում էր, այդ ժամանակը կորցրեց պետությունը և մեզնից յուրաքանչյուրը, պատճառը շատ պարզ էր՝ քաղաքական իշխանությունը չէր կարողանում, չէր կողմնորոշվում կոնկրետ քայլեր կատարելու հարցում»։