Բացել լրահոսը Փակել լրահոսը
118702899_3394428367292394_2971761017576315520_n
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Հայաստան վերադարձած հայերը երբեք խորթություն չզգան». Արեւմտահայ թատրոն է հիմնվել՝ արեւմտահայերեն ներկայացումներով. լուսանկարներ (տեսանյութ)

Առաջին Արեւմտահայ թատրոնը Հայաստանում

Էջմիածնի Մաչանենց թատրոնում այսօր պրեմիերա է: Բեմադրվող ներկայացումն էլ առանձնահատուկ է՝ արեւմտահայերեն լեզվով է:

Արմավիրի մարզի միակ թատրոնում հետաքրքիր ծրագիր են սկսել՝ հիմնել են Արեւմտահայ թատրոն, այն Մաչանենց թատրոնի մասնաճյուղերից մեկն է լինելու:

«Հայ Միասնության Խաչ» կազմակերպության (որի մասն է կազմում թատրոնը) հիմնադիր-նախագահ Գրիգոր Բաբախանյանը պատմում է՝ 5 ամիս առաջ ՀՄԽ-ում հիմնվեց Հայ մտքի դպրոց, եւ նպատակ դրվեց հայ երիտասարդներին, ովքեր «հակում ունեն դեպի հայրենասիրություն», միավորել.

«Գուցե տարօրինակ թվա արտահայտությունս՝ «հակում դեպի հայրենասիրություն», բայց իրականություն է, կա հայի տեսակ, որ հակում չունի, իր համար մեկ է ազգը, թե որ հողի վրա է ապում… Մեղադրական խոսք չեմ ուզում ասել, բայց Աստված ազգերը պատահական չստեղծեց, ոնց որ վարդը մեխակի շապիկ հագնելու ցանկություն ունենա: Վարդ ես, ուրեմն՝ վարդ ես, փուշ է վրադ, ուրեմն՝ փուշ է վրադ»:

Հայ մտքի դպրոցում 75 երիտասարդ անվճար սովորում են ազգագրություն, ազգագրական երգ, պար, գրաբար, արեւմտահայերեն, տեխնոլոգիական բավական բարդ ծրագրեր՝ մայա, յունիթի: Հենց այս ծրագրի շրջանակներում է հիմնվել Արեւմտահայ թատրոնը:

Թատրոնի առաջին ներկայացման պրեմիերան այսօր է: Վահե Հայկի «Կաթի փարան չմոռնաս, մամա» եւ Սմբատ Փանոսյանի «Նեղ օրերու բարեկամը» պատմվածքները միավորել են, միքսել. ներկայացման անվանումն է «Նեղ օրերու բարեկամը»:

Ներկայացման եւ ընդհանրապես Արմտահայ թատրոնի նպատակն է Հայաստան վերադարձած ու Հայաստանում տեղավորված ամեն հայի օգնել, որպեսզի իրենք լեզվի առումով անհարմարավետություն չզգան:

«Որ իրենք հնարավորինս արագ ինտեգրվեն հանրություն, խորթություն երբեք չզգան: Մեզ պետք է, որպեսզի իրենց շուտ մերենք, որովհետև Հայաստան եկող հայերը չպետք է գնան ուրիշ տեղ, որովհետև սա յուրանչյուր հայի համար վերջին հանգրվանն է, վերջին տապանն է»,- ասում է Գրիգոր Բաբախանյանը:

Արեւմտահայ թատրոնն այս ներկայացումից հետո էլ շարունակելու է իր գործունեությունը, Գրիգոր Բաբախանյանը վստահեցնում է՝ կլինեն մշտական բեմադրվող ներկայացումներ՝ արեւմտահայ գրողների ստեղծագործություններից:

«Եւ Հայաստանում ապրող արեւմտահայերը հնարավորություն կունենան գալ եւ իրենց հայերենով, իրենց սրտին մոտ  հայերենով լսել ստողծագործողների, որոնց անուններն իրենք փոքր տարիքից լսել են»:

Նախաձեռնությունը կոմերցիոն նպատակ չունի. միակ նպատակը, ըստ Գ. Բաբախանյանի, այն է, որ Հայաստանն ունենա մշտապես գործող Արեւմտահայ թատրոն:

«Մեզ կոմերցիան էդքան չի հետաքրքրում, ոչ թե դրամի կարիք չունենք, այլ ժամանակ չունենք: Հայ ազգն արդեն բախտ բաժանելու հերթից բավական հետ է ընկել, հերթը չխախտելով՝ այդ հերթի մեջ մեր դիրքերն ամրապնդելով՝ պետք է առաջ գնանք»,- ասում է նա:

«Նեղ օրերու բարեկամը»

Ներկայացումը, որի պրեմիերան տեղի կունենա այսօր երեկոյան, առաջիկայում նկարահանվելու է եւ որպես հեռուստաթատրոնի ձեւաչափ՝ տեղադրվի համացանցում:

Տոմսեր, ելնելով կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սահմանափակումներից, չեն վաճառվել, հրավիրատոմսեր են բաժանվել քիչ թվով մարդկանց:

Մաչանենց թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեւորգ Ընծա Բաբախանյանը ներկայացման եւս մեկ առանձնահատկություն է նշում՝  սովորաբար ավելի երիտասարդ դերասանների խմբով են խաղում, այժմ իրենց են միացել ավելի հասուն տարիքի, փորձառու դերասաններ:

«Երիտասարդները նրանց ակնածանքով են վերաբերում, նրանք խորքային խաղ են ցույց տալիս, համ ու հոտ են տալիս ներկայացմանը»:

Իսկ արեւմտահայերեն լեզվով ներկայացման մեջ սփյուռքահայ դերասանների չեն ներգրավել, քանի որ, ըստ նրա, նպատակն է, որ հենց տեղացի դերասանները խոսեն արեւմտահայերեն:

«Կարեւոր է, որ մենք սովորենք խոսել արեւմտահայերեն»:

Ներկայացման թեման բավական արդիական է՝ ծնող-որդի հարաբերություններ.

«Կյանքը բարդացել է, արդեն ծնող-որդի հարաբերությունները սրվել են: Այդ առումով այս ներկայացումը կարեւոր է: Երկու պատմվածք ենք վերցրել ու միքսել»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Արմավիրի մարզի միակ թատրոնը

Էջմիածնի Մաչանենց թատրոնն Արմավիրի մարզում կայուն գործող միակ թատրոնն է, խաղացանկում 15-ից ավելի պատրաստի ներկայացում կա:

Թատրոնը հիմնադրվել է 1989 թվականին, այսօր այն հետաքրքիր ճյուղավորում ունի, կարելի է ասել՝ մի քանի մասնաճյուղերից է բաղկացած:

«Մաչանենց թատրոնը շատ հետաքրքիր ճյուղավորում ունի՝ արդեն կյանքի կոչվեց Արեւմտահայ թատրոնը. ունենք Արհեստագործական թատրոն՝ ներկայացումներ, որտեղ ոչ թե ուղղակի ասում են՝ սա կարաս է, սա երկանք է: Ներկայացում է բեմադրված, որտեղ ամբողջ գործողությունները դրանց շուրջ են, դպրոցականներն ավելի լավ են տեսնում, հասկանում՝ երկանք, խնոցի, ինչ են դրանք»,- նշում է ՀՄԽ հիմնադիր Գրիգոր Բաբախանյանը:

Մյուս մասնաճյուղն Օրգանիկ թատրոնն է՝ Հայաստանում տեսակով միակը: Անգամ կորոնավիրուսային համաճարակից առաջ ներկայացնումները բացօթյա էին.

«Ամեն ինչ հնարավորինս բնական է կատարվում՝ կրակը՝ բնական, ջուրը բնական թափվում է, ցախը բնական կոտրվում է, ու շատ օրգանիկ է նայվում: Եթե խունկ է, խնկի հոտ է գալիս: Մաչանենց թատրոնը թատրոնների միավորում է մեկ թատրոնի մեջ»,- պատմում է Գ. Բաբախանյանը՝ նշելով՝ հիմա նոր դահլիճ է կառուցվում.

«Առաջ է գնում թատրոնի գործը»:

Համաճարակով պայմանավորված՝ թատրոնն ամիսներ շարունակ չէր գործում: Սակայն նախքան այդ միշտ հանդիսատես ունեցել է՝ Էջմիածնից, Երեւանից եւ անգամ տարբեր մարզերից:

«Հեռավոր մարզերից նախօրոք տոմսեր են պատվիրում, գալիս, գյուղերից շատ են գալիս՝ թե՛ մոտակա, թե՛ հեռավոր. սիրված թատրոն է դարձել»:

Թատրոնում  ներկայացումներ կան, որոնք առակներից են բաղկացած, հեքիաթներից: Այժմ պատրաստվում են «լեգենդներին բեմ հանել»:

«Ներկայումս աշխատում ենք լեգենդների ուղղությամբ: Առաջին համագործակցությունն է թատրոնի եւ մշակույթի նախարարության, հուշագիրը ստորագրեցինք, կբեմադրենք հայկական 3 լեգենդների մասին: Մտածեցինք, որ լեգենդներին պետք է բեմ հանել, որպեսզի թատերարվեստի միջոցով կրթություն տանք նաեւ դպրոցականներին, քանի որ մշակույթը ժամանց չի, այն մեր ողնաշարի ողերն է: Մշակույթով սկսվում եւ վերջանում է ամեն ինչ, անմշակույթ ազգը քամու բերած, քամու տարած փոշի է»,- ասում է Գրիգոր Բաբախանյանը:

Ներկայացնում ենք նաեւ տեսանյութ ներկայացման գլխավոր փորձից