Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Զարմացած եմ տարածված այն տեղեկատվությունից, որ դատավոր Խունդկարյանը փակել է «Ա1+»-ը». Երվանդ Խունդկարյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց լուրերն այն մասին, թե համաձայնել է գնալ Սահմանադրական դատարան միայն նախագահ դառնալու պայմանով: Նա հիշեցրեց, որ մինչ ՍԴ անդամ դառնալը թեկնածուն անցնում է մի քանի փուլեր, հետևաբար՝ որևէ պայմանավորվածության մասին խոսք գնալ չի կարող:

Ինչ վերաբերում է լուրերին, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել է իրեն, Խունդկարյանն ասաց՝ այդ եզրակացությանը ծանոթ չէ, քանի որ այդ եզրակացությունը գաղտնի է:

«Մամուլում հայտնված տեղեկատվությունը այնպիսին է, որ ինձ մոտ կասկածներ է առաջացնում, թե արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կարող էր նման որակի վերլուծություններ անել»:

Խունդկարյանը նաև պնդում է, թե Եվրոպական դատարանն է արձանագրել, որ ինքը «Ա1+»-ի փակման գործում արդար դատաքննության խախտում թույլ չի տվել: «Ա1+»-ի փակման վերաբերյալ Խունդկարյանին հարցադրում ուղղեց նաև ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Դուք ի՞նչ մասնակցություն եք ունեցել «Ա1+» հեռուստաընկերության փակման գործում»,-հետաքրքրվեց Սամսոնյանը: Երվանդ Խունդկարյանը պարզաբանեց, թե հանդես է եկել որպես միանձնյա դատավոր, երբ աշխատել է որպես տնտեսական դատարանի դատավոր.

«Այո, միանձնյա գործ քննելիս դատավորի թույլ տված խախտումներն են, որ որոշակի պատկերացում կարող են տալ այդ դատավորի մասնագիտական ունակությունների եւ վարքագծի վերաբերյալ, բայց զարմացած եմ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունից, որ դատավոր Խունդկարյանը փակել է «Ա1+»-ը, եւ նրա թույլ տված խախտումների հետեւանքով է, որ «Մելտեքս» ՍՊԸ-ն պետությունից որոշակի փոխհատուցում է ստացել: Տարակուսելի է՝ մարդիկ արդյոք կարդացե՞լ են ՄԻԵԴ համապատասխան վճիռը, որում ՄԻԵԴ-ն ուղղակի արձանագրել է, որ արդար դատաքննության խախտում տեղի չի ունեցել, որ տնտեսական դատարանի գործողությունները եղել են օրինական, որ դատարանը պատճառաբանել է իր դատական ակտը: ՄԻԵԴ-ն արձանագրել է գաղափարներն ազատորեն արտահայտելու տեսանկյունից խախտում, եւ այդ որոշման հիմնաքարն եղել է այն, որ օրենսդրությունն այդ ժամանակ խնդիր է ունեցել: Օրենսդրությունը սահմանել է չափորոշիչները, որոնցով հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը պետք է որոշեր՝ ո՞ր ընկերությունն է հաղթող, բայց օրենքը հանձնաժողովին չի պարտավորեցրել պատճառաբանել, թե ինչ չափորոշիչներով է վերջինս որոշումներ կայացնում»:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորներին պաշտոնակ անելու և նոր անդամներ ընդունելու վերաբերյալ Սահմանադրական փոփոխություններին, Խունդկարյանը տեսակետ չհայտնեց՝ պատճառաբանելով, որ ինքը գործող դատավոր է և պարտավոր է ենթարկվել ուժի մեջ մտած Սահմանադրական նորմերին.

«Մենք ունենք սահմանադրություն, ընդունված օրենք, մենք՝ դատավորներս պարտավոր ենք իրականացնել օրենքի ընդունումից հետո կատարված գործողությունները»:

ՍԴ դատավորրի թեկանծուն հերքեց նաև մեղադրանքը, թե առերևույթ կաշառք է վերցրել, նման հայտարարություն անող անձանց հորդորեց դիմել իրավապահ մարմիններին: