Հ1-ի նախկին տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի հրամանների հարցով վերաքննիչ որոշումը` հոկտեմբերի 13-ին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքից ազատված Հանրային հեռուստաընկերության երկու լրագրողների գործի քննությունը սկսվեց Վերաքննիչ դատարանում։
Սիրանույշ Մուրադյանը և Լիանա Կարապետյանը դիմել էին դատարան՝ համարելով, որ իրենց անհիմն են աշխատանքից ազատել։ Նրանք Վիճարկում էին Հանրային հեռուստառադիոխորհրդի որոշումները և դրանից ածանցվող Հայասատանի Հանրային հեռուստաընկերության արդեն նախկին գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի՝ աշխատանքից ազատման հրամանները։
Երևանի վարչական դատարանը բավարարել էր նրանց հայցն ընդդեմ Հանրային հեռուստառադիոխորհդի և Հանրային հեռուստաընկերության: Վերջինս բողոքարկել էր Վերչաքննիչ վարչական դատարանում, այսօր գործով առաջին նիստն էր։
Բողոք բերող կողմը ի թիվս այլ պատճառաբանությունների, պնդում է՝ այս գործը ենթակա չէ Վարչական դատարանում քննության.
«Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդի որոշումը չի հանդիսանում վարչական ակտ և չի ծագում վարչական իրավահարաբերություններից»,-բողոքը ներկայացնելով` նշեց նիստը նախագահող դատավորը։
Վերաքննիչ դատարանում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչ Արսեն Թավադյանը ևս վերահաստատեց իրենց մոտեցումը․
«Պետական մարմինը, որը իրականացնում է ՓԲԸ-ի հաստիքների կառավարում, հաստիքների կրճատման որոշում է կայացրել, որը մաքուր քաղաքացիաիրավական բնույթ ունի»։
Պատասխանողների ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանը առարկություններ ներկայացրեց։ Նրա խոսքով՝ գործ ունենք հանրային իրավահարաբերությունից ծագած վեճի հետ, քանի որ հաստիքների կրճատումը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանրային իրավական լիազորությունների մեջ է․
«Ամբողջությամբ վարչարարություն են իրականացրել, դրա անունը դրել են՝ հաստիքացանք ենք կրճատել և սա մեր բաժնետիրական իրավունքն է»։
Բողոք բերող կողմը պնդում է նաև, թե որևէ արտաքին միջամտություն տեղի չի ունեցել, մինչդեռ լրագրողների ներկայացուցիչը հակադարձում է ՝ նրանք կրճատվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ընդունած ակտով, իսկ Հանրայինի տնօրենի հրամանը ապահովել է միայն տեխնիկական կողմը․
«Լրագրող Սիրանույշ Մուրադյանը և Լիանա Կարապետյանը որևէ աշխատանքային իրավական, վարչաիրավական կամ այլ իրավական կապի մեջ չեն գտնվել ՀՌԱՀ-ի հետ, այսինքն՝ նրանց նկատմամբ տեղի է ունեցել արտաքին ներգործություն, կրճատվել է նրանց մասնագիտական հաստիքները»,-նշում է Ղազարյանը։
Դատարանը հետաքրքրվեց՝ լրագրողներին կարո՞ղ էին այլ աշխատանք առաջարկել, Տիգրան Ղազարյանը պատասխանեց՝ ոչ․
«Հենց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ակտով կրճատվել է երեք ավագ հեռուստալրագրողի հաստիք, Սիրանույշ Մուրադյանը նրանցից մեկն է եղել, նույնն էլ Լիանա Կարապետյանի դեպքում՝ եղել է հեռուստալրագրող-համակարգողի մեկ բացառիկ հաստիք, որն էլ կրճատվել է։ Այսինքն՝ աշխատանքային իրավական ակտով սա բողոքարկման ենթակա լինել չէր կարող»։
Ի դեպ, գործը քննող երեք դատավորներից մեկը բացակայում էր հիվանդության պատճառով, նրան փոխարինել էր Վերաքննիչ վարչական դատարանի նախագահը։
Դատարանը հեռացավ խորհրդակացական սենյակ, գործով վճիռը կհրապարակվի 2020 թվականի հոկտեմբերի 13-ին։