Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արթուր Վանեցյանի՝ դատարանի բակ չգալը ոչ մի ենթատեքտ չունի. Իվետա Տոնոյան (տեսանյութ)

Այսօր Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը հայտարարեց՝ նախատեսված հանրահավաքը բոլոր դեպքերում իրականացնելու են և գնալու են իրենց նախանշած սցենարով՝ անկախ դատարանի որոշումից․

«Ինձ համար շատ կանխատեսելի են իշխանությունների գործողությունները, ես չեմ բացառում, որ միգուցե իշխանությունները կարողացել են գտնել այս կամ այն հեռավոր գյուղում ինչ-որ մարդու, որին համոզել, խնդրել, աղաչել են՝ ասենք, օրինակ՝ ցուցմունք տա, թե ԲՀԿ-ն իրենց ընտրակաշառք է տվել: Այս գործընթացին նախորդող իշխանությունների բոլոր քայլերը ինձ հնարավորություն են տալիս նման պնդում անելու։ Ինձ համար զավեշտալի է, որ հանրահավաք անցկացնելու գեթ մեկ հայտարարությունից հետո իշխանությունները ցնցակաթվածի մեջ են ընկնում»,-ասաց նա:

Իվետա Տոնոյանը վստահեցրեց՝ որևէ խառնաշփոթ և որևէ խուճապ «Բարգավաճ Հայաստանի» շարքերում չկա, նաև արտահոսք չկա․

«Որևէ մեկի նկատմամբ քրեական գործերի հարուցումը իշխանության կողմից ես չեմ բացառում, խոսքը վերաբերում է մեր խմբակցության ներկայացուցիչներին, իշխանության կողմից մեկնարկած քաղաքական հետապնդման գործընթացի շրջանակում հնարավոր է ամեն ինչ, կարծում եմ՝ սա ևս մեկ անգամ վկայում է իշխանությունների վախի, ցայտնոտի մասին»,-ասաց Տոնոյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Արթուր Վանեցյանն այսօր դատարանի բակում չէր, Տոնոյանն ասաց՝ որևէ ենթատեքստ այդտեղ չկա․

«Վստահ եմ՝ ցանկացած պահի թե՛ Դաշնակցության, թե՛ «Հայրենիք»-ի ղեկավար կազմերը՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, պատրաստ են լինել այստեղ անհրաժեշտության դեպքում»։

Մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության մասին Տոնոյանն ասաց՝ բաց են բոլորի հետ համագործակցության համար։