Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro
A A
Սպորտ

Եվրո-2020. Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը մտավ եզրափակիչ փուլ

Հայտնի դարձան ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության եզրափակիչ մրցաշարի բոլոր 24 մասնակիցները: Վերջին չորս ուղեգրերը խաղարկեցին 2018թ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի տարբեր գոտիների եզրափակիչ մտած թիմերը:   

A լիգայի եզրափակիչում Հունգարիայի հավաքականը սեփական դաշտում վերջին 5 րոպեում խփած երկու գոլերի հաշվին կամայանին հաղթանակ տարավ Իսլանդիայի ընտրանու նկատմամբ՝ 2:1: B լիգայում Հյուսիսային Իռլանդիան իր հարկի տակ անսպասելի զիջեց Սլովակային՝ 1:2: Այդպիսով, Մեծ Բրիտանիան զրկվեց իր չորս ներկայացուցիչներից մեկից: 

Իսկ ահա Շոտլանդիայի հավաքականը C խմբի եզրափակիչում հյուրընկալվելիս 11մ հարվածաշարում հաղթեց Սերբիային (1:1, 11մ՝ 5:4) և միացավ Անգլիային ու Ուելսին:

D խմբի եզրափակիչ խաղում միմյանց հետ հանդիպեցին Հայաստանի հավաքականի առաջիկա երկու մրցակիցները՝ Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ազգային թիմերը: Թբիլիսիում կայացած խաղն ավարտվեցին հյուրերի նվազագույն հաղթանակով՝ 1:0: Հյուսիսմակեդոնացիներն առաջին անգամ մտան Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով և տեղի կունենա 2021 թվականին: Նախնական մրցակարգով այն պետք է անցկացվի 12 տարբեր երկրներում, սակայն ՈՒԵՖԱ-ն հնարավոր է կրճատի դրանց թիվը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված խնդիրները: