Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro-2020
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2020-ին չմասնակցող հայտնի ֆուտբոլիստներից մեկն է

Ֆուտբոլի 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ավարտից հետո մասնագետները կազմել են խորհրդանշական հավաքական, որի կազմում ընդգրկվել են այն ֆուտբոլիստները, որոնց չի հաջողվել հաղթահարել ընտրական փուլը: Ահա այդ հավաքականի հիմնական կազմը:

 Դարպասապահ

Յան Օբլակ (Սլովենիա). Մադրիդի «Աթլետիկոյի» 28-ամյա դարպասապահն առայժմ իր երկրի հավաքականի կազմում չի մասնակցել խոշոր մրցաշարերի: Եվրո-2020-ի ընտրական փուլում Սլովենիան իր խմբում զբաղեցրել էր 3-րդ տեղը, իսկ Ազգերի լիգայում ընդհանրապես ձախողվել էր և գրավել վերջին հորիզոնականը:

Պաշտպաններ

Մեթ Դոխերտի (Իռլանդիա). 28-ամյա ֆուտբոլիստն այս տարի «Վուլվերհեմփթոնից» տեղափոխվել է Լոնդոնի «Տոտենհեմ», որը մեծ առաջընթաց է: Ընտրական մրցաշարում իռլանդացիները չկարողացան առաջ անցնել շվեյցարացիներից ու դանիացիներից, իսկ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում 11 մետրանոցներով պարտվեցին սլովակցիներին:

Ստեֆան Սավիչ (Չեռնոգորիա). Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպանը իր բարձրակարգ խաղով չկարողացավ օգնել հավաքականին, որը լրիվ ձախողեց ընտրարշավը՝ խմբում գրավելով 5-րդ տեղը, իսկ այլընտրանքային Ազգերի լիգայում չմտավ կիսաեզրափակիչ:

Կոստաս Մանոլաս (Հունաստան). Իտալիայում 6 տարի հաջող հանդես եկող հույն պաշտպանը իր ազգային հավաքականի հետ արդեն երկար ժամանակ չի կարողանում դառնալ խոշոր մրցաշարի մասնակից: 2004թ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո Հունաստանը կորցրել է իր մոտիվացիան:

Էլսեիդ Խիսայ (Ալբանիա). Ալբանացիների ավագը 2016թ արդեն մասնակցել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, սակայն՝ անհաջող: Երկրորդ անգամ դա նրան և իր խաղընկերներին չհաջողվեց: Հաջորդ առաջնությանը նա կլինի 30 տարեկան:  

Կիսապաշտպաններ

Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ (Սերբիա). Սերբերը 20 տարի շարունակ չեն կարողանում հաղթահարել ընտրական արգելքները: Այս անգամ նրանք կանգ առան վերջին պահին, երբ Ազգերի լիգայի եզրափակիչներից մեկում 11մ հարվածով զիջեցին Շոտլանդիային: Իտալիայի Ա սերիայի և «Լացիոյի» աստղը զրկվեց Եվրոպայում փայլատակելու հնարավորությունից:

Միրալեմ Պյանիչ (Բոսնիա և Հերցեգովինա). Այս տարվա ամռանը «Յուվենթուսից» «Բարսելոնա» տեղափոխված ֆուտբոլիստն իր հավաքականի հետ ձախողվեց և Եվրո-2020-ի ընտրական փուլում, և Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում:

Մարտին Էդեգոր (Նորվեգիա). Երկար դեգերումներից հետո նա այս տարի վերջապես վերադարձել է իր հարազատ թիմ՝ Մադրիդի «Ռեալ»: Զինեդին Զիդանը մեծ հույսեր է կապում տարբեր թիմերում մեծ փորձ ձեռք բերած նորվեգացի խաղացողի հետ: Ավաղ, ազգային հավաքականում գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում և ինքն ու իր մի քանի խաղընկերներն անընդհատ դուրս են մնում ընտրարշավից:

Հենրիխ Մխիթարյան (Հայաստան). Շևչենկոյից և Քալաձեից հետո նա նախկին ԱՊՀ երկրների լավագույն ֆուտբոլիստն է, ով հաջողությամբ հանդես է գալիս ուժեղ առաջնություններում: Ցավոք, Հայաստանի հավաքականին չի հաջողվում մոտենալ խոշոր մրցաշարերին: Այս անգամ հայ ֆուտբոլիստները լիովին ձախողեցին Եվրո-2020-ի ընտրական փուլը:

Հարձակվողներ

Էդին Ջեկո (Բոսնիա և Հերցեգովիան). Պրոֆեսիոնալ կարիերայում 350 գոլ խփած աստղին այդպես էլ չի հաջողվում օգնել իր թիմին հայտնվել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Միակ մխիթարանք մնում է 2014թ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունը:

Էռլինգ Հոլան (Նորվեգիա). Դորտմունդի «Բորուսիայի» 20-ամյա հարձակվողը իր ելույթով հաստատ կզարդարեր Եվրո-2020-ը, քանի որ նա իր կարճատև կարիերայի ընթացքում արդեն խփել է 100-ից ավելի գոլ, այդ թվում 6 գնդակ Նորվեգիայի հավաքականում անցկացրած 7 խաղում: