Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Առաջին ատյանի դատարաններում ավելացնել 17, Վերաքննիչում՝ 3 դատավոր․ քննարկվում են դատական օրենսգրքում փոփոխությունները (տեսանյութ)

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական  հանձնաժողովի նիստում ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց  ՀՀ դատական օրենսգրքի սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  օրենքի նախագիծը, որն առաջարկում է ՀՀ Կառավարությունը։

Հարցի հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ տարիներ շարունակ ՀՀ-ում քննարկվել է, որ պետք է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և քրեական գործերի քննության ինստիտուտներն իրարից տարանջատել:

Բադասյանն ասաց՝ առաջարկում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում առանձնացնել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության  ինստիտուտը և քրեական գործերի քննության ինստիտուտը, ուենալ ենթամասնագիտացում, որպեսզի այս գործերի քննությունը լինի ավելի պրոֆեսիոնալ, ինչպես նաև նպաստի ծանրաբեռնվածության թուլացմանը

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կունենանք առանձին դատավորներ, որոնք քննելու են բացառապես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և ՀՀ տարածքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվությունների միջնորդությունները»,- հայտնեց Բադասյանը։
Մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում  քրեական գործեր քննող դատավորները կմասնագիտանան մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով։

Նույնն առաջարկն է նաև Վերաքննիչ դատարանի դեպքում, առաջարկվում է 3 հաստիք ավելացնել  և ընտրել ևս երեք դատավոր, ովքեր կմասնագիտանան մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով։

Նախագծով առաջարկվում է Առաջին ատյանի դատարաններում ավելացնել  առնվազն 17 դատավորներ, որոնցից 8-ը Երևան քաղաքում։