Օրակարգում Մեղրիի և Նորդուզ անցակետերի միջև օպերատիվ կապի ստեղծումն է
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Նորդուզ սահմանային անցակետում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Իբրահիմ Նաղդիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Օրակարգում եղել են մի շարք աշխատանքային հարցեր, որոնք վերաբերում են երկու երկրների միջև առևտրաշրջանառության զարգացման խթանման նպատակով Մեղրիի և Նորդուզ անցումային կետերում գործընթացների առավել դյուրին և սահուն իրականացմանը: Դիտարկվել է նաև երկու երկրների միջև ծագող խնդիրների արագ, արդյունավետ լուծման մեխանիզմների և հարթակների ստեղծման հարցը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկմանը վերաբերող հարցեր: Հայ և իրանցի գործընկերները պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների գործակցությունը, ինչը դրական կանդրադառնա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման և խնդիրների առավել արագ լուծման գործընթացի վրա:
Նախատեսվում է՝ երկու գործընկեր կառույցների մասնագետների տեսակոնֆերանսների միջոցով առավել մանրամասն քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև պարբերական դարձնել բարձր մակարդակի հանդիպումները՝ երկու բարեկամ երկրների մաքսային ծառայության ոլորտին առնչվող ընթացիկ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով: