Բացել լրահոսը Փակել լրահոսը
сша-армения2
A A
Տնտեսություն

Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ԱՄՆ օժանդակությունը հասնում է գրեթե 92 մլն դոլարի

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի թիվ 15 փոփոխությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Ըստ նախագծի հիմնավորման, ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 91,800,980.41 ԱՄՆ դոլար:

2021 թվականի մայիսի 12-ին ստորագրվել է թիվ 15 փոփոխությունը, որով նախատեսվում է լրացուցիչ 8,200,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքային ծառայությունների, ինչպիսիք են էներգիան և ջուրը, բարելավման աջակցության ծրագրերին։ Հերթական փոփոխությամբ նախատեսվում է նաև երկարացնել համաձայնագրի գործողության ժամկետը մինչև 2025 թ. սեպտեմբերի 30-ը։

Գործադիրի հավանությանն  է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի թիվ 10 փոփոխությունը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը: 

Ըստ այդմ՝ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը ավելանում է 12,940,000 ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով մինչև 64,340,443 ԱՄՆ դոլարի՝ համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու նպատակով: Փոփոխությամբ ավելացվում է նաև Հայաստանի Հանրապետության ներդրումը՝ 7,929,286 ԱՄՆ դոլարից դարձնելով 11,047,369 ԱՄՆ դոլար։

Հատկացվող միջոցները կնպաստեն քաղաքացիների և այլ անձանց իրավունքների և պարտականությունների առավել արդյունավետ իրականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության առավել գործուն մեխանիզմների գործարկմանը, կամրապնդեն կապը պետության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության սուբյեկտների և անհատների միջև:           

Փոփոխությամբ նաև նախատեսվում է երկարաձգել համաձայնագրի իրականացման ժամկետը 2023 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը: