«Մայթին ոտքս դնելու պահից ոստիկանները հարձակվեցին ինձ վրա». Լևոն Բարսեղյանը՝ 2008թ մարտյան դեպքերին առնչվող գործով ՄԻԵԴ որոշման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես և իմ փաստաբանը` Կարեն Թումանյանը, 13 տարի շարունակ համոզված էինք, որ խախտվել էր հավաքների ազատության իմ իրավունքը: Ուղղակի ես նույնիսկ մոռացել էի այդ գործը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ 2008թ մարտի 2-ին՝ Արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ օրը խախտվել է նրա իրավունքը, երբ ոստիկանությունը թույլ չի տվել ակցիայի մասնակցել Գյումրիի Թատերական հրապարակում։
Լեւոն Բարսեղյանը պատասխանել է «Ա1+»-ի մի քանի հարցի։
- Երբ Ձեզ թույլ չտվեցին հավաք անցկացնել, այդ ժամանակ արտակարգ դրությունը Գյումրիում չէր հայտարարված, այլ Երևանում, հնարավո՞ր չէր հայաստանյան դատարաններին համոզել, թե ինչ է տեղի ունեցել:
- Եվրադատարան դիմելու առիթ դարձել էր այն դեպքը, երբ մարտի 2-ի առավոտյան գյումրեցիները ինքնաբուխ հավաքվում էին Գյումրու թատերական հրապարակում, ես էլ նրանց հետ էի և ոչ ոք չկար կազմակերպիչներից: Ես մոտեցա հրապարակին, մայթին ոտքս դնելու պահից ոստիկանները հարձակվեցին ինձ վրա, սկսեցին հրմշտել, վիրավորել, մեկը կար` Վազգեն Հարությունյան, ասաց` այնքան մարդու գլուխ կերաք, հիմա էլ եկել եք այստեղ: Սկսեց հրել դեպի փողոցի բանուկ մասը, որտեղ ակտիվ երթևեկություն կար և չթողեց մտնեի հրապարակ: Բռնեցին, տարան, պահեցին ժամերով, հարցեր էին տալիս, ասում էի, որ Սերժիկ Սարգսյանի և Քոչարյանի մենթերի հարցերին չեմ պատասխանելու, ասում էին` Դուք իրավունք չունեք մեր հարցերին չպատասխանելու և այլն: Սա է եղել՝ ոչ թե հավաք կազմակերպել, այլ հավաքին մասնակցել: Իրենց բացատրությունն այն էր, որ արտակարգ դրություն է հայտարարված, բայց մենք բացատրում էինք, որ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով արտակարգ դրություն հայտարարված է Երևան քաղաքի վարչական տարածքում և ոչ թե դրանից դուրս: Բայց դա իրենց չէր հետաքրքրում, իրենք հրաման էին կատարում` ամբողջ երկրով մեկ ահաբեկման ռեժիմ ապահովելով:
- Այսօր Եվրադատարանը ևս մեկ որոշում է կայացվել, որը կրկին վերաբերում էր մարտի 1-ի դեպքերից հետո հայտարարված արտակարգ դրությանը: «Հայկական ժամանակն» է հաղթել, քանի որ թույլ չէին տվել տպագրվել: Սրանք կարո՞ղ են նախադեպեր լինել:
- Սրանք միշտ նախադեպեր են, և միայն «Հայկական ժամանակը» չէր, որ արգելվել էր: 10 անուն թերթ էր, երբ գրաքննիչներ էին նստած տպարաններերում, կարդում էին օրինակը, որոշում էին` տպե՞լ, թե՞ ոչ, եթե խելքները չէին հասնում, զանգում էր շեֆին, հեռախոսով հոդվածը կարդում էր, ասում էին` տպեք, կամ մի տպեք: «Հայկական ժամանակը» դրանցից մեկն էր, մյուսները, հավաբանար, չեն դիմել դատարան:
- Կարո՞ղ ենք հույս ունենալ, որ նմանատիպ դեպքեր չեն լինի:
- Ոչ, քաղաքականության, մարդու իրավունքների պաշտպանության մեջ հույսին ապահովում են լիրիկները, պոետները, ռոմանտիկները, այդպես չի կարելի: Հարկավոր է հստակ գիտակցել, որ մարդու իրավունքների և ժողովրդաիշխանության կռվում կռիվը վերջ չունի: Սա տևողական և մշտական պայքար է:
Մանրամասները՝ տեսանյութում