Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Տնտեսություն

Նպատակահարմար չէ բյուջեի հաշվին ջրի ավելի քիչ գին վճարել․ Գարեգին Բաղրամյանի ճեպազրույցը (տեսանյութ)

Ջրի սակագնի փոփոխությունը պարբերական գործընթաց է, և քանի որ «Վեոլիա ջուրը» համակարգը վարձակալել է 15 տարով, վարձակալն իր մրցույթի արդյունքում ներկայացրել է 15 տարվա բազիսային գներ, որոնք ենթարկվում են ճշգրտման։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նրա խոսքով՝ հայտը մուտք է եղել օգոստոսի սկզբին, այժմ Ջրային կոմիտեի և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մոնիթորինգ է իրականացվում։ Արդյունքների ամփոփմամբ քննարկվում է նաև վարձակալության պայմանագրի վերանայումը։

Նշենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել էր ջրի գնի սակագինը վերանայելու համար։ Մասնավորապես առաջարկվում է 40 դրամից մի փոքր ավելի բարձրացնել ջրի գինը։

«Թեև «Վեոլիա ջուրը» ներդրումներ է անում, սակայն ներդրումների հաշվին գինը բարձրացնելու հնարավորություն չունի, նա ունի պարտավորություն ներդրումներ իրականացնելու։ 15 տարվա համար ներդրումները կազմում են շուրջ 37 մլրդ դրամ։ Ներդրումները բազիսային գնի վրա ազդեցություն չունեն։ Եթե բազիսային գինը 2022թ․-ին դառնում է 214 դրամ, միևնույն է, դառնալու է իր ճշգրտումներով», - ասաց Բաղրամյանը։

Լրագրողը հիշեցրեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ․ արված հայտարարությունը, ըստ որի «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանավորվել են, որ մինչև 2024թ․ ջրի սակագինը չի բարձրանա, բայց ինչպե՞ս է ստացվում, որ երկու տարի անց գինը բարձրանում է։ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ կարող են թեկուզ մինչև 2035թ․ գինը չբարձրացնել՝ համապատասխան վարձակալության վճարները պետական բյուջե չվճարելով։

«Եթե բյուջեն ունի ֆինանսական միջոցներ, նախատեսված է մոտ 6․8 մլրդ վարձակալության վճար, կարելի է այդ գումարը չուզել ու նույնիսկ իջեցնել գինը։ Նույն այդ 180 դրամը, որ երեք տարի պահվում էր, պահվում էր վարձակալության վճարները համապատասխան չափը նվազեցնելով։ Ես նպատակահարմար չեմ համարում, որ բյուջեի հաշվին ես ավելի քիչ վճարեմ ջրի գինը։ Ես ունեմ այդ հնարավորությունն ու շատ մարդիկ ունեն, իսկ սոցիալապես անհապահով սպառողների համար գինը կմնա նույնը», - ասաց Գարեգին Բաղրամյանը։