Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պատերազմում ձեռքը կորցրած Վլադիմիրն առաջնագիծ էր մեկնել վնասված ոտքով (տեսանյութ)

Մեկ տարի առաջ՝ այս օրերին,  44-օրյա պատերազմի մասնակից, կամավոր առաջնագիծ մեկնած Վլադիմիր Վարդանյանը Մատաղիսում էր։

Անցած տարի հենց այս օրը՝  հոկտեմբերի 2-ին էլ ձեռքի վիրավորում է ստացել։

Մեկ տարվա ընթացքում ֆիզիկական ու հոգեբանական բարդությունները հաղթահարելը բավականին դժվար է եղել և հիմա դեռ շարունակվում է։ Վլադիմիրի ձեռքն արդեն պրոթեզավորված է, սակայն ամբողջական գործառույթները դեռևս կատարել չի կարողանում։ Բռունցք է կարողանում անել, մատները առանձին շարժել չի ստացվում։ Ասում է՝ շատ ֆունկցիաներ կան պրոթեզի ծրագրում, սակայն որոշակի թարմացումներից հետո կսովորի ամբողջը։

Առաջին օրվանից իմանալով պատերազմի մասին, իր խոսքով, չէր կարող չգնալ․ «Ինձ համար, կոպիտ ասած, պատվի հարց էր։ Ես ապրիլյան պատերազմին էլ էի փորձում մասնակցել, բայց չտարան ինձ։ Այս անգամ պիտի իմ պարտքը տայի»։

Զինկոմիսարիատ էլ գնացել է, ինչպես ինքն է ասում, «տապոչկաներով», որովհետև մինչ այդ ոտքի վիրահատություն էր տարել։ Տեղում հարցրել են՝ ինչպե՞ս ես գնալու, զինվորական կոշիկներ պիտի հագնեք, մարտի դաշտ ես գնում, պիտի վազեք, Վլադիմիրը պատասպխանել է․ «Ես տապոչկաներով էլ կարող եմ վազել, ամեն ինչ անել։ Կրակելը դրա հետ կապ չունի»։

Վլադիմիրն ասում է ՝ քարտեզում նշված մեր բոլոր տարածքներն էլ մեր տունն ու բակն են ու, եթե ինքներս չպաշտպանենք, չկռվենք մեր տան համար, ոչ մի հարևան ու բարեկամ մեզ չի աջակցի ու չի պաշտպանի մեր տունը մեր փոխարեն։

Մանրամասները՝ տեսանյութում։