ՄԻԱՎ և COVID-19․ լուրջ փորձություն ախտահարված իմունային համակարգով մարդկանց համար
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին 5 տարիներին Հայաստանում հայտնաբերված ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց թիվը տատանվում է տարեկան միջինը 360-ի սահմանում։
ՄԻԱՎ-ի տարածվածության տեսանկյունից՝ այս ցուցանիշով Հայաստանը բարվոք վիճակում է՝ շնորհիվ 2015 թ.-ից տարվող հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքների։ Սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ վարակվածը երկար տարիներ կարող է հիվանդության որևէ ախտանշան չունենալ, տարեկան վարակվածության ցուցանիշները իրական ցուցիչ չեն հանդիսանում։
Այդուհանդերձ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայի ղեկավար Հերմինե Հովակիմյանը հակված է կարծել, որ տարեցտարի Հայաստանում վարակման դեպքերի նվազման միտում կա։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը (նախկինում՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ) Հայաստանի Հանրապետությունում գործող միակ բուժհաստատությունն է, որը դեղորայքային սպասարկում է իրականացնում ՄԻԱՎ վարակ ունեցողների համար։ Կենտրոնի ամբուլատոր կլինիկայի ղեկավարն «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում կարևորել է այն հանգամանքը, որ ՄԻԱՎ վարակ ունեցողի հանդեպ խտրական վերաբերմունք չպետք է լինի․
«ՄԻԱՎ վարակով պացիենտները հակառետրովիրուսային դեղեր շարունակում են ստանալ միայն մեր կենտրոնից։ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միանալուց հետո զբաղվում ենք նաև Հեպատիտ B, C ունեցող պացիենտների ամբուլատոր սպասարկմամբ, բայց դա չի նշանակում, որ այլ բուժհաստատությունների ծառայություններից նշված պացիենտները չեն կարող օգտվել»։
Այս տրամաբանությամբ՝ ՄԻԱՎ վարակ ունեցողները պատվաստվել են այնտեղ, որտեղ կամեցել են։ Թե նշված խմբի մարդկանց քանի տոկոսն է պատվաստված, հայտնի չէ․ հաշվառում չի արվել։
Կենտրոնի ամբուլատոր բաժնի ղեկավար Հերմինե Հովակիմյանը, ով մասնագիտությամբ բժիշկ-ինֆեկցիոնիստ է, ասում է՝ ՄԻԱՎ վարակով մարդիկ COVID-19-ի ախտանշանների ու կանխարգելման ուղիների մասին պատշաճ տեղեկացվել են համավարակի բռնկման սկզբից։
«Հայաստանում պատվաստումային գործընթացի մեկնարկից մոտ մեկ ամիս անց՝ 2021թ․ մայիսից, երբ ԱՀԿ-ն հայտարարեց, որ ՄԻԱՎ վարակ ունեցողներին նույնպես ցուցված է պատվաստումը, ամեն այցի ժամանակ նրանց բացատրում էինք պատվաստման կարևորությունն ու հորդորում պատվաստվել»,- ասում է բժիշկ-ինֆեկցիոնիստը։
«Ճիշտն ասած, համավարակն ի սկզբանե շատ էր անհանգստացնում ՄԻԱՎ վարակ ունեցողներին։ Բայց պատվաստվելու միակ հակացուցումը՝ այն էլ ժամանակավոր, սահմանվել էր նրանց համար, ով նոր էր սկսել հակառետրովիրուսային բուժումը»։
COVID-19-ը թեկուզ մի քանի անգամ առողջապահական համակարգը գերծանրաբեռնվածության վիճակի է հասցրել, այնուամենայնիվ, Հովակիմյանը վստահեցնում է՝ Հայաստանում ՄԻԱՎ վարակ ունեցողների դեղորայքային ապահովումը գրեթե չի տուժել։
Իմունային անբավարարությունը՝ «պարարտ հող» կորոնավիրուսի ծանր ընթացքի համար
ՄԻԱՎ վարակ ունեցողների մոտ, ըստ Հովակիմյանի, ՔՈՎԻԴ-19-ով վարակվածությունն ընթանում է այնպես, ինչպես մյուսների մոտ․ նրանք նույնպես կարող են ունենալ թոքաբորբ, այլ բարդություններ կամ թեթև տանել հիվանդությունը։
ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված մահերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիվանդության ծանր ընթացքից ապահովագրված չէ անգամ լիարժեք առողջ մարդը։ Ուղղակի հոսպիտալացման հավանականությունն ավելի է մեծանում խոցելի առողջական խնդիրներ ունեցողների պարագայում։
Իսկ ՄԻԱՎ վարակ ունեցող մարդիկ համարվում են խոցելի, քանի որ նրանց իմունային համակարգը ախտահարված է։ Այսինքն՝ ցանկացած վիրուսի, բակտերիայի, սնկի հանդեպ նրանց պաշտպանական համակարգն ընկճված է։
ՄԻԱՎ վարակը հնարավոր է՝ երկար տարիներ ոչ մի ախտանշանով չարտահայտվի, ունենա լատենտ ընթացք, բայց վարակով ապրող մարդը հանդիսանա հիվանդության փոխանցող։