Բացել լրահոսը Փակել լրահոսը
1770747823-1748601534
A A
Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային նախաձեռնությունները մրցակից չենք դիտարկում Վրաստանով անցնող ճանապարհին. Մակա Բոչորիշվիլի

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ճանապարհների կառուցումն օգտակար է Հարավային Կովկասի համար։

Վրաստանի ԱԳ նախարարն այդ մասին ասել է  «Imedi LIVE» հաղորդման եթերում։

Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային նոր նախաձեռնություններին և այդ համատեքստում Վրաստանի դերին՝ Մակա Բոչորիշվիլին նշել է, որ ոչինչ չի կարող փոխարինել տարածաշրջանում Վրաստանի ռազմավարական դերակատարմանը։

Նրա խոսքով՝ Վրաստանի ռազմավարական դիրքի շնորհիվ երկիրն առանցքային տրանսպորտային հանգույց է, իսկ նոր ճանապարհների բացակայությունը կթուլացնի Վրաստանի պոտենցիալն այդ առումով։  

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նոր ճանապարհների շինարարությունը կարևոր ակտիվ է տարածաշրջանի համար։ Նրա գնահատմամբ՝ որոշակի փորձեր կան նվազեցնել Վրաստանի դերը, սակայն իրականությունն այն է, որ, չնայած նոր ուղղությունների ի հայտ գալուն, Վրաստանը պահպանում է իր ռազմավարական նշանակությունը համաշխարհային աշխարհաքաղաքական քարտեզի վրա։

«Այսօր ակտիվորեն խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ճանապարհների կառուցման մասին, ինչը, կարելի է վստահաբար ասել, օգտակար է տարածաշրջանի համար։ Եթե դա զարգանա, և մեր տարածաշրջանում նոր ճանապարհներ ավելանան, մեր տարածաշրջանի դերը տրանսպորտային հասանելիության առումով կմեծանա, սակայն ընկալելի չէ, որ ինչ-որ ճանապարհ կփոխարինի Վրաստանին։ Պահանջարկն ամեն տարի աճում է և չի նվազում։ Նույնիսկ, եթե դրան ավելանան ևս երեք կամ չորս երթուղիներ, դա, հավանաբար, բավարար չի լինի այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Արևմուտքի և Արևելքի միջև, երբ խոսքը բեռնափոխադրումների մասին է։ Մենք այս ամենին լավ ենք նայում, դա լավ է, մենք ուրախ ենք, մեզ դա դուր է գալիս և մենք դա չենք դիտարկում որպես Վրաստանի ճանապարհի հետ մրցակցող ճանապարհ»,- ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։