Կյանքն առանց թատրոնի` թատերական ավանդույթներ ունեցող Եղեգնաձորում
Աջակցիր «Ա1+»-ինԵղեգնաձորցի 25-ամյա Մարիամը հեռուստացույցի առաջ հաճախ իրեն զգում է ինչպես թատրոնում։ Եղեգնաձորում թատրոն գնալու հնարավորություն չկա, իսկ ներկայացում դիտելու համար Երեւան հասնել Մարիամին չի հաջողվում։
«Թատրոնն ապրեցնում է։ Այն առավել կենդանի է մյուս արվեստներից, քանի որ աշխատում են հանդիսատեսի բոլոր զգայարանները, վերապրում ես այն՝ ինչը քեզ տալիս է բեմադրողը։ Ինձ թվում է՝ թատրոնները շատ հարցերի պատասխաններ կարող են մեզ տալ»,- ասում է Մարիամ Աբրահամյանը, ով աշխատում է Եղեգնաձորի մշակույթի տանը՝ որպես գրադարանավար-օպերատոր։ Գրադարանում պարբերաբար մշակութային, նաեւ թատերական միջոցառումներ են կազմակերպում։
Գրադարանավարների նախաձեռնությամբ մարզի երեխաների համար կազմակերպվում են տիկնիկային ներկայացումներ։ Մարիամը Անբան Հուռիի դերն է ներկայացրել։ Մասնագիտությամբ տնտեսագետ Մարիամին մշակույթի հանդեպ սերն է բերել գրադարան։
«Եղեգնաձորը մարզկենտրոն է, սակայն այստեղ համատարած պասիվություն է։ Հարկավոր է «արթնացնել» երիտասարդներին, նրանց ինչ-որ չափով կտրել սմարթֆոններից, համացանցից և մոտեցնել արվեստին, մշակույթին, գրին և գրականությանը, գեղեցիկին և օգտակարին»,-ասում է նա։
Թատրոնի միջազգային օրն այս տարի Եղեգնաձորում որեւէ միջոցառմամբ չի նշվել։
«Պատերազմից եւ վերջին զարգացումներից հետո դժվար է մշակութային ակտիվ կյանք պատկերացնել»,- ասում է Եղեգնաձորի մշակույթի տան երկարամյա աշխատակից Սմբատ Առաքելյանը, բայց միաժամանակ հիշեցնում բրիտանացի հայտնի գործիչ Ուինսթոն Չերչիլի խոսքերը․ «Եթե մշակույթը չկա, այս դեպքում ինչի՞ համար ենք մենք պատերազմում»։
Իր ամբողջ կյանքը Մշակույթի տանը նվիրած Սմբատ Առաքելյանն ափսոսանքով նշում է՝ Վայոց ձորում մշակութային կյանքն աչքաթող է արված․ «Առհասարակ, մշակույթ հասկացությունը կորցրել է իր նշանակությունը․ ամեն երկրորդը երգիչ, նկարիչ, դերասան կամ ռեժիսոր է»։
Եղեգնաձորի Մշակույթի տանը գործում է թատերական խմբակ, բայց մեկ տարում բեմադրություն չի արվել՝ ֆինանսների պակասի պատճառով։
Վերջին ներկայացումը եղել է «Ատամնաբույժն արեւելյանն է»։ Սմբատ Առաքելյանը, ով խաղացել է այդ ներկայացման մեջ, ասում է «այն գովասանքի է արժանացել Վայոց ձորի պահանջկոտ հանդիսատեսի կողմից», թեեւ խաղում էին ոչ պրոֆեսիոնալ դերասանները։
Տոմսերը վաճառվում էին 1000 դրամով, բայց նույնիսկ լեփլեցուն դահլիճի դեպքում էլ դա բավարար չէ նոր բեմադրությունների համար։
«Կորիզը կա, մենք պատրաստ ենք ցանկացած պահի վերսկսել թատրոնի գործունեությունը, սակայն գումարի խնդիր կա: Եթե ուզում ենք ենք թատրոն ունենալ պետք է նաեւ պետությունը նեցուկ լինի»,- ասում է Սմբատ Առաքելյանը։
Կարմիր բանակայինները՝ առաջին դերասաններ
«1937 թվականին, երբ Եղեգնաձորի Կուլտուրայի տան դիրեկտորն էի, թատերական ինքնագործ խմբի աշխատանքները խմբագրելու համար Կուլտուրայի տանը տրվեց ռեժիսորի հաստիք։ Մեզ մոտ գործուղվեց առաջին պրոֆեսիոնալ արտիստ-ռեժիսորը։ Դա Զարիֆ Ղամբարյանն էր» , - իր հուշերում գրում է Արգամ Դովլաթյանը։ Նրա հուշերը պահվում են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում։
Առաջին թատերական ինքնագործ խմբերը ստեղծվել են կոմերիտականների նախաձեռնությամբ՝ 1921 թվականի վերջերին՝ Եղեգնաձորում, Արենիում և Գետափում։
«1921 թվականի ամառն էր։ Մալիշկա գյուղում Ավետիսենց սենյակում տեղավորվել էին դասակապետ Արամ Աբրահամյանի դասակի կարմիր բանակայինները։ Նրանք իրենց ուժերով ներկայացում տվեցին սենյակի բալկոնում։
Բեմը աղոտ լուսավորված էր՝ պատից և սյունից կախված լամպերով։ Ներկայացումը դիտելու համար հավաքվել էին հարևանները։ Ոմանք տեղավորվել էին բակում, շատերը՝ դիմացի կտուրի ու պատերի վրա, իսկ ես մի խումբ երեխաների հետ նստել էի բակի թթենու ճյուղերին։ Ես չեմ հիշում թե այդ օրն ինչ պիես բեմադրվեց, բայց դա իմ տեսած առաջին ներկայացումն էր» , - գրում է Արգամ Դովլաթյանը։
Թատրոնում չեն եղել, բայց չեն սիրում
Ու թեեւ թատերական ավանդույթները Վայոց ձորում խորը արմատներ ունեն, Եղեգնաձորում մեր հարցման մասնակից երիտասարդների մեծ մասը թատրոնում չէր եղել։
Նրանցից մեկը 27-ամյա Գարիկն էր․ «Թատրոն չեմ գնացել, բայց ինտերնետային տարբերակով նայել եմ, կարելի է ասել՝ նույնն է»։
Ճշտող հարցին՝ երբեւիցե ցանկություն չի ունեցել թատրոնի բեմից ներկայացում դիտելու, պատասխանեց․ «Չէ, իմ սիրած ժանրը չէ։ Չեմ սիրում, որովհետև ես ուրիշ ձև եմ նայում, մենք ինքներս արդեն դերասան ենք»։
18 տարեկան Ռաֆայելը կարծում է՝ չի սիրում թատրոնը, քանի որ «մինչ օրս ցանկություն չի ունեցել ներկայացում դիտելու»։ Բայց խոստանում է՝ առաջիկայում գնալ թատրոն․ գուցե իր կարծիքը փոխվի։
Ի տարբերություն մեր նախորդ զրուցակիցների՝ 38-ամյա օպերատոր Լիպարիտ Ասատրյանը ոչ միայն սիրում է թատրոնը, այլեւ հիշում է Եղեգնաձորի արդեն անցյալ թվացող մշակութային կյանքը։
«Կային տարբեր մշակութային խմբակներ, կար թատրոն, շատ ակտիվ էր տիկնիկային թատրոնը։ Կար նաև ռոք խումբ՝ Արմեն Ադամյանի գլխավորությամբ, և առհասարակ շատ ավելի ակտիվ էին այն ժամանակ, քան ներկայումս։ Առաջ մարզը լուրջ մշակութային օջախ է եղել։ Մոտավորապես՝ 12 տարիների ընթացքում դանդաղ անկում է ապրել»,- ասաց նա։
Լիպարիտի պապը՝ Խնկո Մարկոսյանը, թատրոնի նվիրյալներից է եղել, ով 60-70 ական թվականներին մանկական բեմադրություններ է արել Եղեգնաձորում։ «Գիքոր» է բեմադրել , որում մոտ 60 երեխա է ընդգրկված եղել։
Լիպարիտը ավարտել է Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետը, պատրաստ է կամավոր հիմունքներով աշխատել երեխաների հետ, պատասխանատուներին անգամ իր առաջարկը ներկայացրել է․
«Բայց դրանք մնացել են օդում։ Այսինքն` Մշակույթի տունը կարող է ծառայել ամեն ինչ, բացի մշակույթի օջախ լինելուց»։
Նա նաեւ ցավում է, որ կրթությունը շարունակելու նպատակով մայրաքաղաք մեկնող երիտասարդների 80%-ը չի վերադառնում Վայոց ձոր։
Աննա Սարգսյան
Սոնա Մանուկյան
«Վայոց ձոր մեդիա» նախաձեռնություն՝ «Ա1+»-ի համար