Հայտնի է՝ երբ կանցկացվի «Ոսկե ծիրան»-ը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։ Հայտարարվել է նաև, փառատոնի արտադրական հարթակի՝ GAIFF Pro հավատարմագրման բացման մասին։
Նաև GAIFF Pro-ն սկսում է C2C նախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի հայտերի ընդունումը: C2C շուկան այս տարի տեղի կունենա հուլիսի 11-15-ը: Մասնակցության պայմաններն ու վերջնաժամկետի մասին ինֆորմացիան հասանելի է փառատոնի պաշտոնական կայքում։
Որպես GAIFF Pro-ի բաղադրիչ՝ C2C Տարածաշրջանային համատեղ արտադրության շուկան Արևմտյան Ասիայի տարածաշրջանի կինոռեժիսորների համար նախատեսված միջազգային հարթակ է, որը հնարավորություն է տալիս զարգացնել ռեժիսորի առաջին կամ երկրորդ ֆիլմի նախագիծը, ինչպես նաև այն ներկայացնել կինոոլորտի միջազգային մասնագետներին՝ խթանելով և հաստատելով համագործակցություն երկրների միջև: Փառատոնի վերաբերյալ այլ մանրամասներ հանրությանը կներկայացվեն ավելի ուշ։
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակ