Քաղաքական «մենյու»-ի մեջ հայտնվեցին սոցիալական խոստումներ․ պայքարի նոր փուլ է սկսվում․ Վիգեն Հակոբյան
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ի հարցերին է պատասխանում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
-Մի քանի օր առաջ Իշխան Սաղաթելյանը կարծես թե հրապարակեց Դիմադրության շարժման գործողությունների պլանը, որի մեջ նշված էր նաև ժամանակավոր կառավարություն ձևավորելու և հետագայում արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Սաղաթելյանը հայտարարեց նաև ըստ անհրաժեշտության կառավարության շենքը շրջափակելու մասին։ Որքանո՞վ է դա հավանական։
-Շենքեր շրջապատելը արվում է մեկ անգամ։ Խնդիրը նրանում չի, որ դու գնալու ես ինչ-որ մեկին ծեծես, կամ միջից հանես իրեն աթոռով։ Դա սիմվոլիկ բան է, և ավելի շատ նշանակում է իշխանության ծայրահեղ թուլությունը։ Ես չեմ բացառում, որ էդպիսի բան կարող է լինել ինչ-որ մի ֆազայում։ Եթե ընդդիմությունը այնքան ուժեղացած լինի, որպեսզի ուղղակիորեն մեսիջ տա թե՛ ներքին, և թե՛ արտաքին լսարանին, կկարողանա ցույց տալ, որ այլևս իշխանությունը չի տիրապետում իրավիճակին և չի կարողանում անգամ կառավարչական շենքերը պահել իր ազդեցության տակ։ ԱԳՆ-ում Արցախի դրոշը դնելը ուներ նաև այդ մեսիջը։
-Այսօր ընդդիմությունը ունի՞ բավարար ռեսուրս դա ցույց տալու համար իշխանություններին։
-Ես կարծում եմ՝ այս պահի դրությամբ իրենք դեռ փորձում են կուտակել ռեսուրսներ։ Դա այսօրվա խնդիր չի դեռևս։
-Հնչում են նաև կարծիքներ, որ այսօր ընդդիմության պոտենցիալը նվազում է։ Այսինքն՝ ընդդիմությունը վաղն արդեն չի կարող անել այն, ինչ կարող է անել այսօր։
-Ընդդիմությունը կրիստալիզացրել է բավականին լուրջ մի պատկառելի զանգված։ Այն պատրաստ է եթե ոչ երկարաժամկետ, բայց գոնե միջնաժամկետ գործողությունների՝ փողոցներ փակել, միտինգներ, երեկոյան երթեր և այլն։ Մարդկանց քանակը կախված է նրանից թե ի՞նչ մեսիջներ է տրվում։ Եթե մեծ սպասումներ են ձևավորվում, օրինակ՝ Մայիսի 9-ի նման, ապա շատ մարդ է գալիս։ Բայց եթե նման սպասումներ ընդդիմության լիդերները միտումնավոր կամ ոնց, չգիտեմ, չեն առաջացնում, այդ օրը կարող է նվազել։ Պայքարի նոր փուլում ընդդիմությունը պետք է աշխատի այսպես կոչված «դեռևս չկողմնորոշված» զոնայում գտնվողների հետ։
-Դուք սպասումների մասին եք խոսում, սակայն դրա համար խոստումներն են կարծես թե քիչ։ Դրանք հիմնականում անվտանգային ոլորտից են, իսկ սոցիալական խնդիրների մասին նոր միայն վերջերս են սկսել խոսել՝ այն էլ փոքր չափով։
-«Դիմադրության» շարժումը, երբ որ սկսվեց, հայտարարվեց, որ սա զուտ քաղաքական-կուսակցական պայքար չէ, դա ազգային պայքար է՝ «Ղարաբաղյան շարժում 2»։ Հիմնական նպատակը ազգայինն է, անվտանգությունը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի։ Դրա համար գլխավոր մեսիջներն էլ էին այդպիսին։ Քանի որ համարում էին, որ այդ հարցերը լուծելու գլխավոր խոչընդոտը իշխանությունն է, ապա որպես ածանցյալ հարց էին դնում, որպեսզի Փաշինյանն ու իր վարչախումբը հեռանան։ Այս լոզունգներով ու այս մեսիջներով իրենք առաջին փուլում կոնսոլիդացրեցին իրենց զանգվածը։ Նոր զանգվածներին պետք է ներգրավվել նոր մեսիջներով, այդ թվում նաև սոցիալական խոստումներով։ Ես կարծում եմ, հասկանալով, որ իրենք կարողացել են ինչ-որ տեղ «ցեմենտել» ինչ-որ մշտական զանգված, հիմա իրենք փորձելու են ընդլայնել զանգվածներին՝ այդ թվում նաև նրանց, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանին, բայց դեռևս չգիտեն ինչին են կողմ։ Դրանով է պայմանավորված, որ «քաղաքական մենյու»-ի մեջ, բացի Արցախյան անվտանգությանը վերաբերող խոստումներից, սկսեցին հայտնվել նաև սոցիալական թեմաները։
-Հետևելով զարգացումներին՝ ի՞նչ կարող եք ասել, այս շարժումը ե՞րբ էր ծրագրվել և արդյո՞ք սկզբից մինչև վերջ այն ծրագրված է։
-Ինքն իրենով ծրագրաված էր, պարզապես մի բան է, երբ ծրագրում ես և հաշվարկում ես քո ռեսուրսները, ինչը կարծում եմ արված էր, բայց իմ կարծիքով՝ առիթ էր պետք քաղաքական և էմոցիոնալ, որպեսզի կարողանայիր այն պասիվ, բայց ընդդիմադիր զանգվածին արթնացնել։ Իմ կարծիքով՝ այդ պատեհ առիթը եղավ, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում խոսեց նշաձողի իջեցման մասին։ Կարծում եմ՝ պլանավորված էր, որ պետք է դուրս գալ փողոց վաղուց։ Ի վերջո, մի քանի անգամ մենք լսել ենք չէ՞ ընդդիմության տարբեր լիդերների կողմից, որ իրենք նախապատրաստում են ակցիաներ և այլն։ Պատրաստվում էր, կուտակվում էր, ուղղակի պետք է լիներ ինչպես և միշտ առիթ էր պետք։ Չեմ բացառում, որ կան նաև աշխարհաքաղաքական գործոններ, որոնք իհարկե նույնպես խթանեցին։
Մասնավորապես՝ ռուս-արևմտյան հարաբերությունների գերսրացումը, որի արդյունքում Արցախի հարցը համագործակցության հարթակից վերածվեց մրցակցության հարթակի։