Բացել լրահոսը Փակել լրահոսը
292088966_549116080027088_7012208943729997026_n
A A
Քաղաքականություն

Ինչու՞ իրանական կողմը չի արձագանքում ադրբեջանական հոխորտանքներին

Հայ-իրանական և ադրբեջանա-իրանական հարաբերությունների ակտիվություն է նկատվում վերջին շրջանում։ Պաշտոնական շփումների ֆոնին ադրբեջանական քարոզչամեքենան կրկին գործի է անցել։

Օրերս Ադրբեջանում տեղի ունեցած գիտաժողովում ադրբեջանցի գիտնականները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Հայաստանին մեղադրելով մշակութային վանդալիզմի մեջ և պահանջելով անհապաղ դիտորդական առաքելություն ուղարկել Երևան՝ «ադրբեջանական Թեփեբաշին», այսինքն՝ Կոնդ թաղամասը մշակութային վանդալիզմից փրկելու համար։ Գիտաժողովին անմասն չի մանցել նաև Իրանը։ Այդ գիտաժողովի ժամանակ կարծիք է հնչել, որ Երևանում գտնվող Կապույտ մզկիթն ադրբեջանական մշակութային ժառանգություն է։

Այս և այլ թեմաների շուրջ «Ա1+»-ը զրուցել է իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։

«Իրանական կողմի համար զգայուն է Երևանի Կապույտ մզկիթի թեման։ Եվ եթե ադրբեջանական հայտարարությունները լայն արձագանք են ստանում, իրանական կողմն անպայման արձագանքում է,  բայց մինչ այս պահը դեռ որևէ հայտարարություն չկա»,- ասաց փորձագետը՝ կարծիք հայտնելով, որ իրանական կողմը կամ չի կարևորել այդ հայտարարությունը կամ էլ կարձագանքի որևէ գիտաժողովի ժամանակ։

Խոսելով Նախիջևանը, Ադրբեջանը և Իրանին կապող ճանապարհի՝ հայկական կողմի համար վտանգավոր լինելու մասին, Գարիկ Միսակյանն ասաց, որ նախկինում էլ կար նման հայտարարություն, որ իրանական կողմը տրամադրում է տարածք՝ նախկինում գոյություն ունեցող ճանապարհը ընդլայնելու, ինչպես նաև որոշակի առումով միջանցքի դեր կատարելու համար։

«Եթե իրանական տեսանկյունից նայենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները առանձին են դիտարկվում։ Իրանական կողմից այդ ճանապարհահատվածի տրամադրումը Ադրբեջանին մեկնաբանվում է որոշ դեպքերում որպես հակակշիռ քայլ «Զանգեզուրի միջանցք» կոչվող ծրագրին։

Իրանական կողմը հայտարարում է՝ եթե խնդիրը Նախիջևանի և Ադրբեջանի արևելյան հատվածների կապի ապահովումն է, ապա հիմա Իրանը տրամադրել է այդ տարածքը՝ այսինքն խնդիրը «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերացումն է»,-ըստ փորձագետի այսպես են մեկնաբանում իրանական կողմից։

Իրանագետը դժվարանում է ասել, թե այս տրանսպորտային կապի ապահովումը որքանով է վտանգավոր Հայաստանի համար ու նշում՝ որքան էլ Ադրբեջան-Իրան հարաբերությունների կարգավորումը նպաստավոր չէ Հայաստանի համար, բայց այս համատեքստում վտանգավորության աստիճանը մեծ և տեսանելի չէ։

«Մեր տարածքով Հյուսիս-հարավի մեկնարկի դեպքում իրանական կողմից վստահորեն բավականին մեծ տարանցման հոսք է տեղափոխվելու Հայաստանի տարածքով»,- ասում է իրանագետը և նշում, որ Իրանը մշտապես մի քանի կողմով է նայում իր տարանցման ուղիները և նշում՝  Ադրբեջանի տարածքով դեպի հյուսիս տարանցումը միանշանակ Հայաստանի համար ոչ դրական է, քանի որ դեռ հայկական կողմը չի ապահովել Հայաստանի տարանցումը և Իրանը պետք է այլընտրանք փնտրի։

Հիշեցնենք՝  2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Իրանին կապող Գորիս-Կապան ճանապարհի հանձնումից հետո կառուցվեց Տաթև-Աղվանի ճանապարհը, բայց Իրանն աստիճանաբար հրաժարվում է Հայաստանի տարածքով տարանցումից։

Զրուցեց՝ Հայկ Մագոյանը