Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Այս գեղեցիկ երկրում համերգը հիասքանչ է լինելու անկասկած․ London West End ռոք խմբի երգիչների ասուլիսը (տեսանյութ)

«Հայա» փառատոնի շրջանակում վաղը՝ հուլիսի 9-ին Հրազդան մարզադաշտում կներկայացվի Led Zeppelin Symphonic նախագիծը՝ London West End ռոք խմբի մասնակցությամբ:

«Լեգենդար Led Zeppelin-ի երգերը սիմֆոնիկ նվագախմբով ներկայացնելը յուրահատուկ ձևաչափ է։ Իսկ ձեր այս գեղեցիկ երկրում, գեղեցիկ բնապատկերներով շրջապատված հիասքանչ է լինելու անկասկած»,-ասաց նախագծի մենակատարներից մեկը:

Երգչուհի Մոլին ևս մյուսների նման առաջին անգամ է Հայաստանում, որը, նրա խոսքով, առաջին արեւելյան կետն, որ երբևէ այցելել է. «Ամուսինս Թեհրանից է և նրա միջոցով որոշ տեղեկություններ եմ ստացել երկրի, խոհանոցի մասին, բայց դա իհարկե քիչ է»:

Հարցին, թե այսօրյա սերունդն արդյոք սիրում է լսել ռոք այնպես, ինչպես անցյալ դարի 60-80-ականների սերունդը, Մոլլին պատասխանեց, որ ամենը գալիս է ընտանիքից․ «Իմ մայրը սիրահարված էր Ռոբերտ Փլանթին, և այդ սերը ինձ փոխանցվել է, ինձանից էլ՝ դստերս։ Երբ երեք տարի առաջ պատրաստում էին QUEEN ծրագիրը, այն հաջող ընթացք ունեցավ և որոշեցին Led Zeppelin նախագիծն անել ու լեգենդար խմբի երգերը նորովի ներկայացնել»։

«Թվում է, թե Led Zeppelin-ի երաժշտությունը գիտենք, երգերը գիտենք, բայց երբ ռոքը հանդես է գալիս սիմֆոնիկ նվագախմբի հետ, նոր շերտեր են բացվում։ Իսկ մենք այն կիրքը, որ զգում ենք երաժշտության մեջ, ցանկանում ենք փոխանցել հանդիսատեսին… Եթե սիմֆոնիկ նվագախումբ է մասնակցում, պետք չէ կարծել, թե դասական փոխադրումներ են: Նվագախումբն ուղղակի ավելի է հարստացնում»,-ասում է նվագախմբի ղեկավարը։

Հարցին, թե որը կլինի հաջորդ նախագիծը՝ մենակատարներից մեկը պատասխանեց, որ «Բիթլզի» երաժշտությամբ նոր նախագծի մեծ ցանկություն կա, և պետք է 60-70-ականների ռոքը պահպանել ու փոխանցել նոր սերունդներին: