Բացել լրահոսը Փակել լրահոսը
խանումյան
A A
Քաղաքականություն

Աղանուս համայնքի տարածքը դուրս կգա Ադրբեջանի վերահսկողությունից. Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Արցախի Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների բնակչությանը տարհանելու նպատակով ներկայում ցուցակագրման գործընթաց է իրականացվում՝ պարզելու, թե ովքեր են ցանկանում հաստատվել Արցախում, ովքեր՝ Հայաստանի Հանրապետությունում:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը՝  նշելով, որ երեք համայնքներում, ընդհանուր առմամբ, մոտ 100 ընտանիք է բնակվում:

Անդրադառնալով սոցցանցերում առկա որոշ քննարկումներին, ըստ որոնց Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակչությանն արգելվել է հրդեհել տները,  նախարար Խանումյանը նախ հիշեցրեց Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքի օրինակը, երբ բնակիչները հրդեհել էին տները, ինչից հետո պարզվել էր, որ բնակավայրը մնալու է Արցախի վերահսկողության ներքո:

«Ես դեմ եմ տները վառելուն: Արդեն մի անգամ Չարեքտարը վառել են, թյուրիմացաբար ասեմ, թե միտումնավոր, և այսօր 100 միլիոնավոր դրամներ ենք ծախսում այդ գյուղը վերականգնելու համար։ Ընդամենը մեկուկես տարի է անցել, ինչ Աղանուս համայնքի տարածքը հանձնվեց, բայց այսօր այդ համայնքի տարածքը վերադառնում է միջանցք. դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից, բայց այնտեղ ամեն ինչ թալանված ու այրված է՝ սկսած առաջին պատերազմի տարիներից մինչև 2020 թվական: Մեղվաձոր, Հունանավան, Մելիքաշեն, Մարաթուկ բնակավայրերի մասին է խոսքը: Եթե բնակֆոնդը թողնեինք այդ միջանցքում, այսօր այդտեղ հանգիստ կարող էինք բնակեցում անել, բայց այսօր այնտեղ միայն պատեր են վառված ու ավերակներ: Եթե բնակֆոնդը պահպանված լիներ, ապա այդ միջանցքն այսօր հանգիստ կարող էինք բնակեցնել: Ներկայում այնտեղ միայն վառված պատեր են ու ավերակներ»,-ասաց Խանումյանը՝ նշելով, որ Աղավնոն շատ մոտ է գտնվում Արցախը ՀՀ-ին կապող նոր երթուղով նախատեսված միջանցքին և հայտնի չէ, թե մեկուկես, երկու տարի հետո ինչպես կփոխվի իրավիճակը:

«Չէի ցանկանա, որ ամեն ինչ մեր օգտին ընթանալու դեպքում Աղավնո վերադառնալուց հետո, նույն կերպ այրված ու սևացած պատեր տեսնեինք։ Հետևաբար, կտրուկ դեմ եմ որևէ բան այրելուն, թալանելուն, քանդելուն»,-շեշտեց Արցախի ՏԿԵ նախարարը:

Պատասխանելով Արցախ-Հայաստան այլընտրանքային ճանապարհով երթևեկությունը կազմակերպելու առանձնահատկությունների և հարևանությամբ կառուցվող նոր ենթակառուցվածքների վերաբերյալ հարցին՝ նախարարը մանրամասնեց, որ նոր երթուղին սկսվում է Տասը Վերստ բնակավայրից, ապա անցնում՝ Մեծ Շեն, Հին Շեն և Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի վարչական տարածքով և հասնում մինչև ՀՀ սահման:

«Դեռևս կառուցված չէ դեպի Կոռնիձոր 11 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Մինչև այդ, ժամանակավորապես կանցնենք 4 կիլոմետրանոց գրունտային փոքր հատվածով, որը միանում է գործող  մայրուղուն՝  Աղավնոյի հենց վերևում»,-ասաց Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ այլընտրանքային ճանապարհը կգործի միջանցքի տրամաբանությամբ:

Նախարարի հաղորդմամբ՝ ՀՀ սահմանից Կոռնիձոր ընկած ճանապարհահատվածը նախատեսվում է կառուցել մոտ 250 օրում:

Այլընտրանքային ճանապարհի անվտանգությունը գործելու է ներկայում Բերձոր-Աղավնոյով  անցնող միջանցքի սկզբունքով. նոր երթուղու 5 կիլոմետրանոց հատվածում կտեղակայվի ռուսական խաղաղապահ զորախումբը։

Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհի երկայնքով Արցախը սնուցող նոր ենթակառուցվածքների, մասնավորապես, կապի և էլեկտրամատակարարման բարձրավոլտ գծերի  անցկացմանը, Հայկ Խանումյանը նշել է, որ աշխատանքներն արդեն ընթացքում են, որը նախատեսում են ավարտել սեղմ ժամկետներում: