Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Գրիգորյան
A A
Բիզնես Քաղաքականություն

Սահուն անցում կատարվեց Սերժականությունից դեպի նոր Նիկոլականություն՝ համակարգը մնաց նույնը, միայն դերակատարները փոխվեցին․ Հայկ Գրիգորյան

Վերջին երկու օրերին գլխավոր դատախազի միջնորդությամբ ՀՀ Ազգային Ժողովը քննարկում է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի դեմ քրգործ հարուցելու միջնորդությունը։

Անդրադառնալով այս իրողությանը «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Գրիգորյանը, մասնավորապես, գրում է․ «Երկու օր պատգամավորները քննարկում են մի «աննախադեպ» քրգործ երկու զորամաս կադաստրային արժեքին ցածր գնով օտարելու մասին։ Երկու օր աննախադեպ՝ միլլիարդների չարաշահումներից հինգ տարի խոսող, այդ խոսույթի վրա իշխանության եկած անձիք քննարկում են մի գործ, որը վերաբերվում է մոտ 30 հազար դոլար ենթադրյալ չարաշահումների։

Իսկ ուր մնացին բանակին հասցրած միլիոնավոր դոլարների չարաշահումների մասին պնդումները և դրանց բացահայտումները։ Այդ ինչպես է ստացվում, որ Երևանի սրտում միլիոնանոց գույք ունեցող նախկին ՊՆ նախարարը հերիք չի անարգել լքում է հայրենիքը, ապա հեշտ ու հանգիստ վաճառում կալանքի տակ գտնվող գույքը և այդ գումարով առանձնատուն գնում ԱՄՆ-ում, մի բան, որ իրենց չեն կարող թույլ տալ շատ ու շատ բնիկ և հաջողակ ամերիկացիներ նույնիսկ։

Ինչպես հասկանալ այն փաստը, որ Փաշինյանի իշխանությունը քրգործ է հարուցել Արմաշում երկու զորամաս օտարելու համար, սակայն 2022 թվականին հենց այդ նույն կառավարությունը օտարման հանեց 71 զորամաս, այդ թվում Երևանի սրտում գտնվող Մայրաքաղաքային գնդի զորամասը։

Ինչքա՞ն կարելի է նույն հնարքներով անընդմեջ զբաղացնել հանրությանը։ Սերժին «մերժելուց» անցել է շուրջ 5 տարի, սակայն միակ քրեական գործը «մերժված» Սերժի դեմ մի քանի հարյուր լիտր դիզվառելիք գողանալու մասին է։

Հիշեցնեմ, որ հենց Փաշինյանը հայտարարում էր՝ թե գործարարներն իրեն ասել են, որ ճամպրուկով փողեր են տարել Բաղրամյան 26՝ Սերժի մոտ։ Բայց այդ մասով որևէ քրեական գործ այդպես էլ չհարուցվեց։

Հիմա էլ թե՝ Սերյան Օհանյանը զորամաս է սեփականաշնորհել։ Իսկ Օղակաձև զբոսայգին ու Մոնումենտի այգին ովքեր են սեփականաշնորհե՞լ։

Երկրի ընդերքն ու բյուջեն տարիներով թալանել են, բայց որևէ մեկն առայսօր չի պատժվել։

Ով կարողացավ երկրից փախավ, ով մնաց՝ մի քանի կոպեկ վճարելով պետբյուջի՝ արդարացվեց։ Իսկ ընդհանուր առմամբ սահուն անցում կատարվեց Սերժականությունից դեպի նոր Նիկոլականություն։ Համակարգը մնաց նույնը, միայն դերակատարները փոխվեցին»։