Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Անտեսված գյուղը․ Բարեկամավանը՝  հակառակորդի ուղիղ նշանառության տակ (տեսանյութ)

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղը հայ-ադրբեջանական սահմանից 1-2 կմ հեռավորության վրա է գտնվում՝  հակառակորդի ուղիղ նշանառության տակ։ Կրակոցներ չկան, վերջին անգամ այստեղ դրանց ձայնը 2015-ին են լսել։ Մարդիկ խաղաղ են, հանգիստ, բայց գյուղի ընդհանուր պատկերն է տխուր։ Բարեկամավանը դատարկվում է։  

«1050 շունչ գնացել ա, գնացել ա էդքան մարդը, ոչ մի վախկոտ մարդ չի գնացել, սովել են, գնացել։ Մինը ես, խաբվել եմ նրա համար, որ իմ ախպերը մին-մին 100 մանեթ ղըրկեր, դրանով յոլա գնեինք, ասեի՝ լավ ա էլի, ախպերը կղրկի, գլխի չէի, որ մի օր դա կկտրի։ Քառասուն հազար դրամ թոշակ եմ ստանում, իմ տղեն էլ նայոմնիկ ա», – ասում է Բարեկամավանի բնակիչ Հրաչյա Վիրաբյանը։

Հրաչիկ Վիրաբյանը

Բարեկամավանցիների հիմնական մտահոգությունը գյուղի սոցիալական ծանր  վիճակն է, որն օր օրի ավելի է խորանում։ Տարածաշրջանի վերջին գյուղը զուրկ է տարրական կենսական պայմաններից։ Ջուր չկա՝ ո՛չ խմելու, ո՛չ էլ՝ ոռոգման։ Կապույտ վառելիքն էլ ցանկությունների շարքում է։ Տեղացիները, որ ժամանակին, այսինքն՝ խորհրդային տարիներին այստեղ զբաղվել են  դաշտավարությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ, հիմա էլ չեն զբաղվում։ 1990 թվականին բնակիչներին 343 հեկտար վարելախող է հատկացվել, ու մինչև օրս ոչ մի թիզ հող չի մշակվել, որովհետև մի մասն  ականապատված է, մյուս մի մասն էլ՝ հակառակորդի ուղիղ նշանառության տակ։ Ջրի պակասի պատճառով տնամերձերն էլ հիմնականում անմշակ են։ 

Արմեն Ղարաքեշիշյանը տարածք է ձեռքբերել, ուզում է ծխախոտ աճեցնել։ Ասում է՝ գործը գլուխ բերելու դեպքում երկու աշխատող կպահի։ Բայց գումար չունի՝ ջուրը մշակվող տարածք հասցնելու համար։

Արմեն Ղարաքեշիշյանը

«Չորս հազար մետր հող եմ վարել, ուզեի ջուր քաշեմ, որ ջուր ըլնի, բայց հնարավորություն չունեմ, որ ջուրը տանեմ, մոտիկացնեմ։ Զուտ խողովակի պատճառով։ Ըստի ի՞նչ անես։ Էն ժամանակ, հիշում եմ, Ջուղազ ասեինք, ըտեղից ոռոգման ջուր գեր, մեծ խողովակներով, ու սաղ գյուղի հայաթներում համարյա կար։ Սովետը փլուզվեց, էդ ջուրը կտրվեց, էլ չեմ հիշում, որ երբևէ գար», – ասում է Բարեկամավանի բնակիչ Արմեն Ղարաքեշիշյանը։

Բարեկամավանցիները խմելու ջուրը գյուղի երկու բնական աղբյուրներից են տուն տանում։ Շաբաթվա մեջ մեկ օր երկու ժամով նաև ոռոգման ջուր են ունենում, որը, սակայն, բոլոր թաղամասերին չի բավականացնում։

«Էս թաղում, որտեղ հիմա գտնվում եք, ջուր չենք ստանում։ Քիչ-միչ էլի, այսինքն, էն ներքի թաղին խղճին ա, մի գիծը մի տեղով ա գալիս, նրանց ձեռին ենք մտիկ անում, թե կտան, վեր կունինք։ Գյուղապետն էլ կարում չի նրանց հախից գա», – սրտնեղում է Հրաչյա Վիրաբյանը։

Բարեկամավանում հիմա  60 տնտեսություն կա՝ 155 բնակչով։ Վարչական ղեկավարը ցավով է արձանագրում, որ գյուղում ծնունդ երկու տարին մեկ է գրանցվում։

Գարիկ Աբազյանը

«Քսան մահի դիմաց մի հատ ծնունդ ենք ունենում։ Երիտասարդ ընտանիքներն էլ դուրս են գալիս։ Եթե կան էլ, մարդը էրեխա ա ունենում, էրեխեն հասնում ա դպրոցական տարիքի, դուրս ա գալիս։ Ընտանիքը եթե էրեխուն դասի ա ուղարկում, ու մենակ ինքն ա էդ դասարանում, եթե մի աշակերտ ա էդ դասարանում, բնականաբար բոլորն էլ էրեխու համար են ապրում, ուզում են գնան դրսում աշխատեն, ապրեն», – ասում է Բարեկամավանի վարչական ղեկավար Գարիկ Աբազյանը։

Բոլորի կողմից անտեսված՝ գոյատևում ենք, նեղսրտում են բնակիչներն ու վստահեցնում՝ ոչ մի կերպ չլուծվող խնդիրներն են ստիպում մարդկանց լքել գյուղը։

«Ե՛վ ջուր չլինելը, և՛ աշխատատեղի բացակայությունը տարիների ընթացքում արտագաղթի պատճառ են դարձել։ Մեր հանրապետության մասշտաբով եմ ասում՝ չկա բնակավայր, որ տոկոսային հարաբերությամբ մեր գյուղի չափ արտագաղթ ունեցած լինի։ Չկա էդպիսի գյուղ հանրապետության տարածքում։ Մենք ժամանակին ունեցել ենք 330 աշակերտ ութամյա դպրոցում, էսօր 12 աշակերտ ունենք դպրոցում», – գյուղում տիրող իրավիճակն է ներկայացնում վարչական ղեկավարը։

Սահմանապահ բարեկամավանցիների հոգսերն ու խնդիրները վերջ չունեն։ Ձեռքներից ոչինչ չի գալիս։ Կատակով ասում են՝ իրենք սահմանին են, իրենց ծիծաղին էլ, ուրախությանն էլ սահման են դրել։

«Իմ էս հարևանը աշխույժ պըհում ա, գալիս ա մեր տուն, էն մինն էլ կանչում ա, նա մի քիչ քիչ էկող ա։ Էդ ներքին կարգը լավն ա, վատ բան չկա, ամեն օր համարյա թե մի կես ժամ ծիծաղում ենք։ Թե մեր բախտի վրա ենք ծիծաղում, թե ինչի վրա, ծիծաղում ենք։ Հիմի ամենակարևորն էն ա, որ ուրիշ տեղից ստի աղջիկ չգա, ըստիան աղջիկը մեր տղերանցն ուզում չի։ Էս ի՞նչ տարածք ա, որ ուզեն, ուզեն, հիմի էլ էգուց կռվի մեջ ընկնեն։ Ուրիշ տեղից էլ էկող չկա, նաչար տղերքը դրա ծերա քոչում են», – կես կատակ, կես՝ լուրջ ասում է Բարեկամավանի բնակիչը։

Սահմանապահ Բարեկամավանը ուշադրության խիստ կարիք ունի, մինչդեռ գյուղի կողմը որևէ ներդրող չի նայում։ Պետության կողմից իրականացվող ծրագրերն էլ այստեղ չեն հասնում։ Սակայն պիտի հակառակը լիներ՝ գյուղացուն սահմանին  պահելու համար, ասում են բարեկամավանցիները, որ այդպես էլ բարեկամություն չեն տեսել ո՛չ սահմանի այն, ո՛չ էլ՝ այս կողմից։ Տարիներ շարունակ թշնամին իրենց անասուններն է գողացել, նաև՝ անդորրն ու հանգիստ կյանքը։ Իսկ այս կողմից անխախտ լռություն է, որի ներքո Բարեկամավանը դատարկվում է։

 

Մանրամասն՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում