Ընկեր Ֆլորայի խանութը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԸնկեր Ֆլորայի խանութը: Վարդաբլուրի խանութնեից մեկը հենց այսպես է կոչվում, քանի որ վաճառողուհին գյուղի դպրոցի երկարամյա ուսուցիչ ընկեր Ֆլորան է։ Շուրջ 26 տարի Վարդաբլուրի դպրոցում հայոց լեզու և հայ գրականություն է դասվանդել, ընկեր Ֆլորային գյուղում բոլորը գիտեն։
«Մտածում էինք անվանակոչենք, հետո ես ասի՝ բոլորը գիտեն, որ սա խանութ ա։ Հետո եղբայրս, որ սկսեց էս աշխատանքը, հետո ինձ նշանակեց էստեղ, մեր բարեկամի հետ որոշեցին և առաջարկեցին գրել ընկեր Ֆլորայի խանութը։ Հետո ժամանակի ընթացքում համոզվեցինք, որ շատ հանգստացողներ են գալիս Հնեվանք, Կուրթանի ձոր, և բոլորին շատ է դուր գալիս։ Չգիտեմ՝ հանրապետության մակարդակով կա՞ նման տրաֆարետ, ցուցադրություն։ Բայց մերն իսկապես կարծես թե գնորդ բերեց մեզ», – պատմում է Վարդաբլուրի բնակիչ Ֆլորա Սարգսյանը։
Երբ հաճախորդները դիմում են «ընկեր Ֆլորա»-ով, հաճելի զգացողություններ եմ ունենում, ինձ նորից մանկավարժ եմ զգում, ասում է Ֆլորա Սագսյանը։
Ֆլորա Սարգսյանը
«Անծանոթներ էլ են գալիս, ասում՝ ընկեր Ֆլորա, ու մի պահ մոռանում եմ, որ գրված ա ընկեր Ֆլորա։ Գլուխս բարձրացնում եմ, որ տենամ իմ հին աշակերտներից ա՞ ինչ-որ մեկը։ Բայց տեսնում եմ, ասում՝ էդ ո՞նց իմացար, հետո ծիծաղում ենք երկուսով», – ասում է երկարամյա մանկավարժը։
Ընկեր Ֆլորան, ինչպես դպրոցում, այնպես էլ առևտրում է ազնիվ և անսխալ։ Խաբել, գողանալ․ այս խանութում, ասում է, նման բաները բացառված են։
«Երբեք իմ կշեռքը սխալ չի եղել, երբեք իմ պարտքացուցակի տետրում որևէ սխալ չի արվել։ Եթե պատահական, 17 տարիների ընթացքում մի թիվ գրված լինի, դա կլինի ոչ թե իմ մեղքով, այլ պատահականության սկզբունքով», – ասում է տիկին Ֆլորան։
Միայն մի բան կա, որ շտկել չի կարողանում։ Մարդիկ կան, որ մեծ դժվարությամբ են պարտքը վերադարձնում։
«Ընկեր Ֆլորան շատ վատ է զգում, որ մարդիկ ուշացնում են իրենց պարտքերը։ Հասկանալով, ըմբռնումով է մոտենում այն մարդկանց, ում նյութականի մասին կարծիք ունի, որ կոնկրետ նա չի կարող, վճարունակ չի, սպասում եմ։ Իսկ պարտքատերերից մարդիկ էլ կան, որոնք, ասենք երեկ մի հատ ցուլիկ են ծախել, և չեն գալիս խանութ։ Երբ ասում ենք՝ ի՞նչ եղավ ձեր ցուլիկը, ասում են՝ գումարը դեռ չենք հավաքել։ Իհարկե ես չարանում եմ նրանց վրա։ Երազում եմ գոնե կես տարի, երկու ամիս աշխատել առանց պարտքատետրի։ Գնորդներին էլ եմ ասում այս երազանքի մասին, որ Հայաստանում այնքան ծաղկուն վիճակ լինի, որ բոլոր պարտքատետրերը շպրտենք», – ասում է Ֆլորա Սարգսյանը։
Ֆլորա Սարգսյանը, ճիշտ է, 17 տարի է՝ խանութում է աշխատում, բայց ասում է՝ ոչ մի րոպե չի դադարել մանկավարժ լինել։
«Եթե դասաժամին որևէ երեխա խանութում է հայտնվում, ես անմիջապես հարցնում եմ՝ ինչու՞ դպրոցում չես։ Աշխատում եմ դաստիարակել, սովորեցնել, եթե ինչ-որ բան ես գիտեմ», – եզրափակում է նախկին մանկավարժը։
Ի դեպ, գյուղի դպրոցի շրջանավարտներն էլ տիկին Ֆլորային չեն մոռանում։ Այցելում են ուսուցչուհուն և անպայման ծաղիկներ նվիրում։
Մանրամասն՝ «Անկյուն +3» ՀԸ տեսանյութում