Երգող, պարող, հումորով․ գյուղի պարծանքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ի՜նչ հոտ ա գալիս հլա, սուր հոտ ա ու հաճելի։ Ավելուկ կա, որ անհամ բան ա, եփում ես, էն համը չի, բայց մեր Չկալովի ավելուկը շատ համով ա։ Բա ուրցը։ Խորովածի, տոլմի մեջն ենք լցնում, որտեղ պետք ա», – ասում է Սուսաննա Ղուլյանը։
Կիրովաբադից հարս եկավ Չկալով, երկար չմնաց գյուղում։ 16 տարի Ռուսաստանի Դաշնությունում ապրելուց հետո ի վերջո ամուսիներով որոշում ու վերադառնում են ամուսնու հայրական տուն: Ջահելի ոգևորությամբ կարճ ժամանակում շենացնում են պապենական օջախը, գյուղում մատով ցույց տվովի տնտեսություն հիմնում:
«Ասինք՝ հայը պիտի Հայաստան ապրի։ Մեր թոշակի ժամանակն ա, մենք ստեղ (Ռուսաստանում) էլ գործ չունենք։ Ստեղ կյանքը լավ ա, լոբին ձրի, կարտոլը ձրի, կանաչին կա, տարբեր ձևերի ցանել եմ, ծաղիկները շատացրել եմ՝ արևածաղիկ, զիմբելածաղիկ, սիրուն ծաղիկներ եմ աճեցրել», – պատմում է Չկալովի բնակիչ Սուսաննա Ղուլյանը։
Թոշակառու ամուսիններ են, բայց հոգնել չունեն։ Ինչպես տանտիրուհին է վստահեցնում՝ Չկալովի բնությունը ուժ ու եռանդ է փոխանցում , երիտասարդացնում բոլորին։
«Ես ամեն ինչը ի ծնե եմ սովորել, մեր ընտանիքը, մեծ սեղանը դրած էր, գնացող-էկողն էլ՝ շատ։ Հերս ուտող-խմող, քեֆ անող մարդ ա էղել, թամադա, ուստա Շամոն՝ ջանին մեռնեմ հորս, իմ պարծանքն ա էղել, ամենաշատը հորս եմ սիրել։ Երգող, պարող, շուլուխ անող, ամեն կենացից հետո մի ծիծաղ բան ասում էր, այ էդ ձևի մարդ ա էղել։ Վալոդս կամաց-կամաց հորս ա նմանվում, աշխատող, ամեն ձևի», – ասում է տիկին Սուսաննան։
Ամեն ինչ սիրով են անում, ու հենց դրանով է պայմանավորված այգու առատությունը,տան ջերմությունն ու ծաղիկների բազմազանությունը։
«Քո ցանած լոբին ուրիշ ա, քո ցանած կանաչին համն ու հոտը ուրիշ ա։ Ռուսաստան բալբա, զիմել ենք քաղել, էփել, անհամ է», – պատմում է Սուսաննա Ղուլյանը։
Այն, ինչ չես գտնի օտարությունում, շատ կա փոքրիկ այս գյուղում․ մարդկային պարզ ու մաքուր հարաբերություներ, հարեհաս ու կարեկից լինելու կարողություն։
«Մարդիկ լավն են, իրար բռնած՝ ապրում են։ Նեղ վախտը չես կարա մենակ մնաս։ Քո հոգսին մասնակցում են էդ ժողովուրդը։ Կամ դու ես իրանց մի բանով օգնում, կամ՝ իրանք։ Մենք կով չենք պահում, բայց մեր տանը հիմի թթվասեր էլ կա, պանիր էլ կա, ջիլ էլ կա», – ասում է չկալովցի տիկին Սուսաննան։
Երգասաց է տիկին Սուսաննան, կատակասեր և օժտված մարդկային բարձր հատկանիշներով։ Այգու գործերն էլ առանց երգ ու երաժշտության առաջ չի գնում:
Գյուղը իսկական ապրուստի տեղ է, աշխատել և ապրել է պետք, մեկ էլ մի-քիչ սիրել բնակավայրդ ու մարդկանց, ասում է տիկին Սուսաննան:
Մանրամասն՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում