Ծաղկած ծառեր՝ կարկուտից հետո (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵկավ, սրբեց ու հողին հավասարացրեց ամեն ինչ․ Ալավերդու տարածաշրջանում տեղացած ավերիչ կարկուտից մեկ ամիս անց հեկտարներով վար ու ցանք արած գյուղացին ձեռնունայն է մնացել՝ հայտնվելով բանկային ծանր պարտավորությունների լծի տակ։ Տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերում պատկերը նույնն է։
«Բիբար, պոմիդոր, վարունգ, լոբի․ լրիվ կարկուտը խփել ա, տեսնում եք», – ասում է Օձունի բնակիչ Հակոբ Մակիչյանը։
«Օձունի ապրող մարդը, որ ծառից չօգտվի, նա ինչո՞վ կարա ապրի», – տիկին Անիկն է հարցնում։
Բնական աղետ, որը կանխել այդպես էլ չհաջողվեց։ Իսկ արդյո՞ք հակակարկտային կայաններն աշխատել են ինչպես հարկն է, արդյո՞ք հնարավոր կլիներ չեզոքացնել նման տրամաչափի սառցաբեկորները, – պարզաբանում են Լոռու ռադիոլոկացիոն կայանից։
«Հզոր, կարկտաբեր ամպի դեպքում նման կայանները, նույնիսկ էն հրանոթային ժամանակներում չէր կարող կանխել, որովհետև դա հազվագյուտ երևույթ էր, 40-50 տարի նույնիսկ մենք չենք դիտարկել էդպիսի հզոր ամպ, որ բռունցքի չափ կարկուտ առաջանա։ Դա մի քանի փաստի հետ ա կապված․ նախ՝ ուժեղ վերընթաց հոսանքների, ջերմաստիճանի կտրուկ տատանումների, ու հետո էս տարվա պրոցեսները, էդ տիպի ամպի, որ երեք տեասկ եղել ա էդ տիպի ամպ՝ հունիսին, հուլիսին ու օգոստոսի սկզբին, որ գերհզոր ամպ էր, ու բռունցքի չափ կարկուտը ոչ մի ձևով չես կարա կանխես», – պարզաբանում է Լոռու ռադիոլոկացիոն կայանի տնօրեն Խաչիկ Գալստյանը։
Կարկտաբեր ամպերը հնարավոր չէր չեզոքացնել նաև տարածաշրջանում հակակարկտային կայանների քիչ քանակի պատճառով, իսկ Օձուն և Հագվի բնակավայրերում՝ նաեւ դրանց տեղանքի։ Այսինքն, եթե տարածությունը մեծ է, կայանները՝ քիչ, ապա ուժեղ կարկտային ամպերի դեպքում դրանց աշխատանքի արդյունավետությունը նվազ է, վստահեցնում են կենտրոնական կայանից։
«Էդքան տարածությունը, որտեղ կարկուտը մեծ ազդեցություն ա գործել, գոյություն ունի երեք կայան։ Իրանց տեղադրման վայրն էդքան էլ հարմար չի հակակարկտային պաշտպանության առումով», – ասում է կայանի տնօրենը։
Օձուն, Հագվի, Աքորի բնակավայրերում ծառերի և ծաղիկների համատարած փոշոտման շրջան է սկսվել։ Սալոր, սերկևիլ, կեռաս, խնձոր խաղող․ գրեթե բոլոր բերքատու ծառերը ծաղկում են։
«Էս գիլասի ծառ ա, բերքը քաղել ենք, նորից ծաղկել ա։ Երևի կհասցնենք գիլասի ցոգոլ ուտենք», – ասում է Հագվի գյուղի բնակիչ Ռուզաննա Մանյանը։
Բնության անոմալ փոփոխությունից ոչ միայն զարմացած, այլև մտահոգված են գյուղացիները։
«Մեծերից լսել եմ, որ եթե ծառերն էս ժամանակ ծաղկում են, էդ տարին շատ վատ ա ըլնելու», – ասում է Անիկ Անթառանյանը։
Ռուզաննա Մանյանը
«Բոլոր ծառերը տերևներից թափվել էին ամռանը, ոնց որ իսկական աշուն, իսկ հիմա տերևակալել են, սկսել են ծաղկել։ Սա անոմալ երևույթ է, ու ինձ թվում է նշան է նրա, որ գարնանը բերք չի լինելու։ ինձ էդպես ա թվում, որովհետև հնարավոր չի, որ բերքատու ծառը կրկնակի տերևակալի և բերք տա», – ասում է Ռուզաննա Մանյանը։
Տիկին Ռիմայի այգու յասամանից սեպտեմբերի 1-ին գյուղի երեխաները երեք փունջ են կապել։ Ասում է՝ նույնքան էլ դեռ կարող է նվիրել։ Բայց տարվա այս շրջանում ծաղկած յասամա՞ն, զարմացած է։
Ռիմա Մանյանը
«Լիդայանց դռանը տեսել էի։ Որ էկա, տեսա մերն էլ ա ծաղկած, զարմացա ուղղակի», – ասում է Ռիմա Մանյանը։
Իսկ ի՞նչ են մտածում գյուղատնտեսները։ Ի՞նչ հետևանքներ կունենա անոմալ այս երևույթը, և արդյո՞ք ծառերը գարնանը կրկին կծաղկեն ու բերք կտան։
Սամվել Սիրադեղյանը
«Բույսն իր վեգետացիան ավարտում է և վերականգնվելու համար սկսում է նորից աճել։ Կոնկրետ էս դեպքում ես ենթադրում եմ, որ էդ բողբոջների զարգացման համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ։ Այսինքն, առատ խոնավություն, ջերմային պայմաններ, սննդառաություն է ստեղծվել, և բույսը չի սպասում, որ հաջորդ գարնանը ծաղկի։ Նպաստավոր պայմաններ կան, և ծաղկել ա։ Դա իհարկե իր բացասական հետևանքները կունենա, քանի որ եկող տարվա բերքն արդեն քիչանում ա։ Էլի հնարավոր ա, որ ծաղկաբողբոջներ հիմնադրվեն բերքի համար, բայց արդեն ուշ ա, սա արդեն կազդի եկող տարվա բերքի վրա, քիչ բերք կստանանք», – ասում է գյուղատնտես Սամվել Սիրադեղյանը։
Փաստորեն ծաղկող պտղատու ծառերը կասկածի տակ են դնում եկող տարվա բերքը։ Բնության մեջ, այնուամենայնիվ, ինչ որ բան խախտվել է, ու ցավոք շատ դեպքերում հնարավոր չի լինում բնության դեմ պայքարել, վստահեցնում է փորձառու գյուղատնտեսը։
Առավել մանրամասն՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում