Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Ընտրվան պրծան, մեզի մոռանան գը»․ Դեղձավանի բնակիչ (տեսանյութ)

Տավուշի Դեղձավանում խնդիրները մեկը, երկուսը չեն՝ շատ-շատ են: Իսկ ցրտերն ընկնելու հետ դրանք բազմապատկվում են։ Բանն այն է, որ գյուղն անտառաշերտ չունի, հետևաբար փայտով ջեռուցումը գրեթե անհնար է դառնում։ Ճիշտ է՝ բնակավայրը վերջին տարիներին գազիֆիկացվել է, բայց այն ոչ բոլորին է հասանելի: Ասում են՝ թանկ հաճույք  է:

«Փետ վաբշե չունենք վառելու։ Ես էդքան փող որտեղից տամ, որ ջեռուցում քաշեմ։ Թոշակ եմ առնում 2 հոգու, 70 մանեթը հերիք կանի՞ 2 մարդու։ Պառավ մարդիկ ենք մի բան էլ աչքներս տենումա ուզում ենք ուտել,բա ասա որ մեկը անեննք Մի կերպ յոլա ենք գնում», – ասում է Դեղձավանի բնակիչ Գրիգոր Թորոսյանը։

Գրիգոր Թորոսյանը

«Ձմեռը, որ գալիս ա, չի հարցնում՝ ունես, չունես, հարուստ ես, աղքատ ես։ Սաղի համար էլ հավասար գալիս ա։ Մեկը մրսելով, մեկը՝ տաք, յոլա ա էրթում էլի», – ասում է Դեղձավանի կենտրոնում հավաքված մարդկանցից մեկը։

Տարեցները՝ ձմռան ջեռուցման, իսկ երիտասարդները գյուղի  պահպանման խնդրով են մտահոգված։ Մշակույթի տուն, ժամանցի վայր, մանկապարտեզ ու խաղահրապարակ չունեն։

«Էս պահին գյուղում ունենք 30-40 երիտասարդ, որ սկի ամուսնացած չեն։ Ասում ա՝ ամուսնանամ, ինչ անեմ։ Ապագա չի տենում ստեղ։ Բայց եթե կառավարությունը ժողովրդի կողքին ըլի, հաստատ ապագա կտեսնեն,  բոլորն էլ կամուսնանան, ընտանիք կկազմեն», – ասում է Դեղձավանի բնակիչ Սարիբեկ Վանյանը։

Ձախից՝ Ռոմիկ Բուլուդյանը և Սարիբեկ Վանյանը

«Էնքան խնդիր ունինք։ Մի ստադիոն չունինք, որ էրեխեքը խաղան։ Մանկապարտեզ չունինք, էդի չունինք, ի՞նչ ունինք, որ», – ասում է Ռոմիկ Բուլուդյանը։

Բացի այդ, գյուղը կոյուղատար չունի: Մի խոսքով՝ գյուղ չկա, որ խնդիր չունենա: Սա բնակիչները լավ են հասկանում, բայց մի բան անհասկանալի է մնում. ինչու՞ են իրենց ու  գյուղը ընտրությունից ընտրություն հիշում, խոստումներ տալիս, որոնք  մինչև օրս օդում են մնացել:

«Ընտրություն է գալիս ,ասում են՝ ես սա կանեմ, ես նա կանեմ։ Օրը գալիս է, ընտրվան, պրծան, մեզի մոռանում են, նաղդի մինչև էսօր մեր մարզպետը, քաղաքապետը դեսի վրա էկած չեն, չեն ասում՝ ստեղ մարդ կա չկա, դե գիտեմ՝ ինչի չեն գալիս, դե մենք Վրաստանից ենք եկած, դրա համար։ Տեր չունինք», – ասում է Ռոմիկը։

Խոսքը խոսք է բերում, իսկ գյուղամիջյան տաք զրույցները շատ արագ վերափոխվում են կատակախառն վեճի:

«Ամեն ինչով ապահովա գեղը, ղեկավարն ա, բան ա, չոտկի կաշխատեն։ Ով աշխատի, նա էլ կուտի։ Ըստեղ էտենց ա, գյուղապետ ունենք՝ ջահել տղա ա, ամեն ինչն էլ անում ա։ Ով աշխատի, նա էլ կուտի։ Օրինակ՝ ես չեմ աշխատում, չեմ էլ ուտում, ոչ էլ բողոքում եմ», – ասում է տարեց մի գյուղացի։

Ժամանակին Դեղձավանում մշակույթի տուն է եղել, որը հիմա հանդիսությունների սրահ են դարձրել: Ինչ վերաբերում է մանկապարտեզին, ապա դրա համար արդեն նախագիծ կա: Ճապոնիայի դեսպանատունն է կառուցելու: Մնում է՝ հաստատեն ու սկսեն շենքի կառուցման աշխատանքները: Իսկ կոյուղու խնդրի մասին վարչական ղեկավարը քաջատեղյակ է, բայց դրա լուծումը մեծ գումարների ու մի շարք խնդիրների հետ է կապված: Կոյուղատար կառուցելու համար նախ ասֆալտապատ ճանապարհն են քանեդելու, հետո էլ՝ տեղանքն է անհարմար:

Յուրիկ Հովհաննիսյանը

«Կոյուղու խնդիր ունենք, ընդհանուր գյուղինն է, մենակ մի փողոց, երկու փողոց չի։ Պիտի ընդհանուր համակարգ կառուցվի, ինչը մեծ գումարների հետ է կապված։ Կառավարության մակարդակի խնդիր ա, համայնքային չի։ Խաղահրապարակ կոնկրետ էս տարածքում ֆուտբոլի դաշտն ա էղել, հիմա ուզում ենք մինի խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ սարքենք։ Ներկայացրել ենք ֆուտբոլի ֆեդերացիային, նախագիծ-նախահաշիվ մասնակի արված ա», – ասում է դեղձավանի վարչական ղեկավար Յուրիկ Հովհաննիսյանը։

Դեղձավանում այս տարի սուբվենցիոն ծրագրեր չեն լինելու: Իսկ մյուս տարի պետություն-համայնք համատեղ  ծրագրով կնորոգեն միայն  դպրոց տանող ճանապարհը: Համայնքային բյուջեով էլ կբարեկարգեն գյուղամիջյան  Ճանապարհները: Սա ևս մյուս տարվա համար է:  

Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում