Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ինչպես դիմավորեց հանդիսատեսը Սերգեյ Սմբատյանին․ Մեկնարկեց ՀՊՍ նվագախմբի 18-րդ համերգաշրջանը (տեսանյութ)

Սեպտեմբերի 14-ի երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած շքեղ համերգով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միաժամանակ ազդարարեց 7-րդ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի և 18-րդ համերգաշրջանի սկիզբը:

Ինչպես և ակնկալվում էր, համերգն անցավ ամբողջությամբ լրացված դահլիճով և երաժշտասերների ու երաժիշտների ստեղծած ջերմ մթնոլորտում: Առանձնահատուկ բուռն ու հուզիչ ծափողջույններով ունկնդիրները դիմավորեցին նվագախմբի գեղարվեստական գեղակավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, որի արձագանքը նույնքան ջերմ ու անկեղծ էր՝ թեև փոքր-ինչ քողարկված դիրիժորներին բնորոշ բեմական զսպվածությամբ:

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգի մենակատարն էր ամերիկացի վիրտուոզ ջութակահար Սթիվեն Ուորթսը, որը հանդես է գալիս աշխարհի բազմաթիվ հեղինակավոր նվագախմբերի հետ և համընդհանուր համակրանք վայելում բարձրակարգ վարպետության և կատարման առանձնահատուկ գեղարվեստականության համար: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ նրա փայլուն կատարմամբ հնչեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Carpe Diem» ստեղծագործությունը ջութակի և նվագախմբի համար: Դե իսկ համերգի բացմանը նվագախմբի կատարմամբ հնչեց Խաչատրյանի հանրահայտ «Հանդիսավոր պոեմը»:

«Արմենիա» միջազգային փառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Մաեստրո Սմբատյանը հատուկ կարևորություն է տվել միջազգային ամենամյա փառատոնի բացման համերգի առանցքում Խաչատրյանի երաժշտությունը ներկայացնելուն՝ այդ կերպ ևս մեկ անգամ մեծ կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանի վրա միջազգային լսարանին ուշադրությունը գրավելու համար: «Արմենիա» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 11-ը և կներառի յոթ համերգ՝ միջազգային ճանաչում վայելող մենակատարների և դիրիժորների մասնակցությամբ: «Արմենիա» փառատոնի անցկացմանն աջակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն:

Հիշեցնենք, որ Սերգեյ Սմբատյանը երկու օր առաջ  100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։