Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Հրաժեշտ հայրենիքին

Արցախցիները հայրենիքին հրաժեշտ են տալիս։ Հազարավոր ցավոտ կորուստներից  վեջինը հայրենի բնօրրան Արցախն է։ Բռնի տեղահանված մեր հայրենակիցներն ապաստանում են Հայաստանի տարբեր անկյուններում, այդ թվում նաև  Ալավերդիում։ Քաղաքի հյուրանոցներից մեկում մի գերդաստան կա՝ 6 ընտանիքով։

«Դեռ պատերազմ չէր, ես ու իմ մոտիկ ընկերուհին արդեն վերջին անգամ գնացինք Դեդո-բաբոյի մոտ», – պատմում է Ռուզաննան։

Ռուզաննա Սարգսյանը

16-ամյա Ռուզաննան, որ հուզմունքն ու արցունքները հազիվ էր զսպում, արցախյան վերջին լուսանկարներն ու կադրերն է ցույց տալիս։ Դրանք հիմա ամենաթանկն են, որ ունի։ Հայրենիքից ոչինչ վերցնել չի կարողացել ։ Միայն վերջին պահին Ստեփանակերտից քարեր է հավաքել։ Սիրելի Արցախի կարոտը գոնե այս քարերից  կառնեի։

«Մեծ-մեծ չուզեցի հավաքել, ամենասիրունները, մեր Արցախի արերը, ամեն ինչը շատ սիրուն ա։ արցախը շատ եմ սիրում։ Սիրելի վայրերը Դեդոն-բաբոն, Շուշիում Ղազանչեցոցը, Ջնդրդյուզը․ շատ սիրուն բնություն ունենք մենք», – պատմում է Ռուզաննան։

Աղջիկը մինչև վերջին պահը չի պակերացրել, որ լքելու է Արցախը։ Հիմա էլ դեռ ցավոտ այդ փաստին չի հավատում։

«Էս վերջին անգամ նկարեցի մեր Դեդո-բաբոն, վերջին անգամն էր, բայց չեմ ուզում ասել՝ վերջին անգամ։ Ինձ թվում ա, որ վերջինը չի։ Արցախը միշտ մերն ա։ Ճիշտ ա՝ հիմա մենք էնտեղ չենք, բայց պետք չի էնտեղ ապրես, որ էդ քոնը լինի։ Արցախը միշտ իմ սրտում ա», – լացը զսպելով ասում է 16-ամյա աղջիկը։

Գրիշա Ադամյանը

90-ամյա Գրիշա Ադամյանը 6 զավակ ունի։ Կոճողուտ գյուղից է։ Այստեղ է՝ կնոջ և աղջկա ընտանիքի հետ։ Պապը մեկ տարի է՝ չի տեսնում, բայց մինչև այդ իր ձեռքով Ադամյանների գերդաստանի տոհմածառը նկարել է, որտեղ 600 անուն կա՝ 8 սերունդ։ Հետը բերել չի կարողացել։ Թորքին մնաց, ասում է։

«600 շունչ՝ մի մարդու երեխան։ Ութ սերունդ։ Վերջում էլ ասում ա՝ Ղարաբաղը թորքինն ա։ Թումանյանը, որ ասում ա՝ աչքդ թեքեցիր, բանիդ տերը չես․․․ », – լացը խեղդելով ասում է Գրիշա Ադամյանը։

«Թորքը իր բնավորությունը երբեք չի փոխել։ Ես շատ գրքեր եմ կարդացել, թորքը պատմության մեջ աղվեսի նման է։ Հայերի դիակներով պարիսպ են պատրաստել», – ասում է Երեմ Մեջլումյանը։

Ադամյանների դուստրն իր ընտանիքով նույնպես Կոճողուտում են ապրել, աշխատանքով ու գյուղատնտեսությամբ պահել ընտանիքը, որևէ բանի պակաս չեն ունեցել։ Բայց հիմա  ոչինչ չունեն։ Չգիտեն անգամ՝ ինչ է սպասվում իրենց։

Իրինա Ադամյանը

«Համ ամեն ինչ անելիս ասել ենք՝ թուրքի համար ենք անում, համ էլ արել ենք։ Ասել ենք՝ ամոթ չի՞ թուրքը գա, ասի՝ սխտոր չունի ցանած։ Կռիվը հենց սկսեց, ամուսինս վատացավ, փեսես մեր մեքենայով, զոռով մի կերպ բենզին հայթայթելով տարավ հիվանդանոց ամսի 19-ին։ Հենց պառկեցրին, սկզբի սիստեմը միացրած, կռիվը եղավ։ Ինքն իրա ձեռով հանեց սիստեմը, գցեց, գնաց պադվալ։ դե մենք էլ գյուղում էինք, պադվալում։ Առավոտը վեր կացանք, տարհանում են ժողովրդին։ Շվարել էինք՝ ինչ վերցնենք, ինչ անենք», – պատմում է Իրինա Ադամյանը։

Արցախյան բոլոր պատերազմներում տեղահանված Սարգսյանների ընտանիքը որոշել է՝ Հայաստանից ոչ մի տեղ չի գնա։

«Եթե ասեն ոսկի ա շարած մինչեւ Ղարաբաղ մեր գյուղը, հավաքելով գնա, ես չեմ գնա։ Ունենք բարեկամներ Ռուսաստանում, ընդեղ էլ չենք գնա դեռ։ Ես կուզեմ մնալ Հայաստանում, քանի որ ես հայ եմ», – ասում է Իրինա Ադամյանը։

Տան տղամարդիկ, որ պատերազմի ժամանակ կռվի դաշտում են եղել, չցանկացան ոչ խոսել, ոչ էլ՝ երևալ։ Տան ավագ հարսը՝ Բելլա Մեջլումյանը, չորս պատերազմ է տեսել, առաջինում կորցրել եղբորը։ 2020 թվականին Շուշիից Ստեփանակերտ են տեղափոխվել։ Այնտեղ թողել երկու տուն, աշխատանք։ Շուշին հիշելիս արցունքները չի կարողանում զսպել։ Սիրուն ու հանգիստ, երազանքի քաղաք էր Շուշին, ասում է։

«Ամուսինս զառանցում էր Շուշիով, շատ էր սիրում, շատ սթրեսային տարանք Շուշին որ կորցրեցինք։ Ինքը 2016 թվականի կռվի մասնակից է եղել, 20 թվականին էլ, հիմա էլ մինչև վերջի օրը, վերջի րոպեն, երբ տնից դուրս էկանք, ինքը ավտոմատը, ամեն ինչը թափեց տանը․․․ էրեխայիս էինք սպասում, Ռազմիկիս։ Բոլորս միասին ոչ մի բան չէինք ուզում, մենակ տղաս սաղ-սալամաթ գար։ Ինձ համար շատ դժվար էր դա, որովհետև 1992 թվականին իմ մինուճար ախպորս եմ կորցրել ես, ու շատ սթրեսային եմ տարել։ Ինձ ուժեղ էի ցույց տալիս, չէի լացում։ Ասում էի՝ էրեխես պիտի գա տուն։ Եվ եկավ։

Բելլա Մեջլումյանը

Մեզ հյուրանոց պիտի տանեին․․․ վերև, որ բարձրանում ես, եկեղեցի կա, քաղաքից դուրս։ Այ էդտեղ, որ գնացի, ասի՝ սա մեր Շուշին ա, մեր պավարոտնին ա, ոնց որ բարձրանում ես։ Նմանություն կար», – ասում է Բելլա Մեջլումյանը, որ Հաղպատը նմանեցրել է Շուշիին։

Գայանե Սարգսյանն ամուսնու և երկու անչափահաս երեխաների հետ է եկել։ Նա էլ տեղից տեղ է գնացել, ապա բռնել գաղթի ճանապարհը։ Երկու օր ճանապարհներին են եղել։

Գայանե Սարգսյանը

«Երեխաներս տեղյակ չեն, որ պատերազմ ա։ Քանի որ ձեները շատ ուժեղ էին, իրանք վախենում էին, դրա համար ասում էի՝ փորձարկում են անում, ետնանք ինչքանով ենք կարում պաշտպանվենք։ Մինչև այստեղ անընդհատ ասում էին՝ տուն ենք ուզում, ես իրանց բացատրում էի, որ մենք տեղափոխվում ենք ուրիշ տեղ, ավելի լավ տեղ ապրելու։ Չէի ուզում բացատրեի, որ ինչ ա կատարվում իրականում», – պատմում է Գայանե Սարգսյանը։

Գայանեն պատմեց նաև շրջափակման ամիսների ընթացքում կատարվածի մասին։

«Սա ընդամենը խաղեր են էղել, արդյունքում մենք տուժել ենք։ Մինչև հիմա էլ իրանք օգտվում են դրանից։ Էդքան օգնություններ էկան։ Ես չեմ ասում բերեին, մեզ օգնություն տային, ես շատ ապահովված եմ, ձեռք ունեմ, ոտք ունեմ, մենք կարում ենք աշխատենք, մեզ պահենք։ Ոչ մեկից ոչ մի բան չենք խնդրել։ Ոչ մի օգնություն ոչ մեկին չի հասել էնտեղ։ Թող հեքիաթներ չպատմեն, որ բաժանել ենք։ Եթե բաժանել են, էլի իրենց են բաժանել։ Հաստատ ինֆորմացիա ա՝ պահեստներ կան, որ մեշոկով պեսոկ, մակարոնեղեն, ձեթ կա, որ էդպես էր, խի՞ չէիք բաժանում ձեր ժողովրդին։ Կամ ու՞ր էր ձեր վեց ամսվա պաշարը, որ ամեն պետություն պետք ա ունենա», – հարցնում է Գայանեն։

Նաև ասաց՝ տարահանումն էլ պետության կողմից համակարգված չի եղել։ Մարդիկ, մեկը-մեկին տեղեկացնելով, ինքնակազմակերպվել ու դուրս են եկել։  

«Ես վեց օր մնացի Ստեփանակերտում, կառավարությունից մեկը դուրս չեկավ, մի հայտարարություն տարածի, ժողովրդի հետ խոսա, մի բան ասի։ Քաոս էր։ Թե ինչ էին անում մեր իշխանությունները, ես չգիտեմ», – ասում է Գայանեն։

Բռնի տեղահանված այս ընտանիքը ոչինչ չունի։ Ապագան էլ անորոշ է։ Իսկ թե որտեղ են հիմնավորվելու վերջնականապես, չգիտեն։ Որևէ բան իրենց չեն ասել։ 

Ադրբեջանցին երեխա է մորթում, իսկ աշխարհն աչքերը կապել է, նավթին ծախվել։ Մենք ինչ կարող ենք անել, հարցնում է տատը։ Հետո պատմում շրջափակման օրերին Ստեփանակերտում տիրող իրավիճակի մասին․ սով էր, ալյուր չկար, հացը գրամով էին տալիս։ Մի լավ տանջել են՝ թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես, հետո էլ ասել՝ գնա՛ քո տնից, այլապես կսպանենք։ Սա ցեղասպանություն էր բառի բուն իմաստով։