Բացել լրահոսը Փակել լրահոսը
f7f27f92-2052-4f37-9468-7d7221f83e38
A A
Մշակույթ

Նշվեց արցախցի գրողի 70-ամյա հոբելյանը

Այսօր Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դահլիճում՝ Արցախի մի խումբ գրողների նախաձեռնությամբ կայացավ Արցախի ժուռնալիստների և գրողների միությունների, Հայաստանի գրողների միության անդամ, 15 գրքերի և մենագրությունների հեղինակ Համլետ Մարտիրոսյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական ցերեկույթ։

Գրող, բանասիրական գիտությունների թեկնածու Կիմ Գաբրիելյանն անդրադարձավ Համլետ Մարտիրոսյանի անցած ուղուն՝ ներկայացնելով նրան որպես լիարժեք կայացած դերասանի, գրողի և լրագրողի։

Համլետ Մարտիրսյանը ծնվել  է 1954թ․մարտի 20-ին, ՀԽՍՀ Քաջարան քաղաքում:

Ավարտել է Քաջարանի թիվ 2 դպրոցը, այնուհետև՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:

1972-1974թթ․ ծառայել է  խորհրդային բանակի շարքերում:

1980-87թթ․ աշխատել է Զանգեզուրի Ալ․ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան և գրական մասի վարիչ:

1987թ․ տեղափոխվել է Արցախ և աշխատանքի անցել Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես թատերական ստուդիայի տնօրեն և դերասան:

1995 թվականից լրագրողական աշխատանքի է անցել Արցախի հեռուստատեսությունում, որտեղ աշխատել է մինչև 2023թ․ բռնատեղահանումը:

Աշխատանքին զուգահեռ՝ շուրջ 25 տարի դասախոսել է Արցախի պետական համալսարանի լրագրության բաժնում:

ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ է, մի շարք մրցանակների ու պարգևների դափնեկիր։

1990-ականների սկզբին նրա գրական մուտքը կայացավ «Ապրում ենք, էլի» պատմվածքների ժողովածուով: Գրական գործունեությանը զուգահեռ՝  սկսեց նաև զբաղվել ակտիվ լրագրությամբ: 1995-ից արդեն Արցախի հեռուստատեսության աշխատող էր: «Իրիկնաժամ», «Ասուպ», «Գրվածք», «Արվեստանոց», «Գիր», «Մի գավաթ սուրճ» և մյուս հաղորդաշարերը, որոնք հեղինակեց Համլետ Մարտիրոսյանը,  թեմատիկ մի ընդհանրություն ունեին՝ դրանք ներկայացնում էին Արցախի գրական-մշակութային կյանքը: Բայց նրան մեծ ճանաչում բերեց Իշխան Փարավոնովիչի կերպավորումը համանուն երգիծական հաղորդաշարում: Փարավոնովիչի կերպարը դարձել էր յուրօրինակ խորհրդանիշ Արցախում, որով  ամբողջանում էր իմաստուն ու արդարախոս արցախցու կերպարը: Իշխան Փարավոնովիչը մերօրյա Պըլը Պուղին էր, ում մասին երգիծական պատումներն արդեն ավելի քան երկու դար հանդիսանում են արցախյան բանահյուսության գոհարները:

Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին մի փոքրիկ հատված հոբելյարի երգիծական մանրապատումներից, որ կարողացել են գտնել համացանցում։ Ցավոք,  բռնի տեղահանման հետևանքով նրա ողջ արխիվը՝ այդ թվում նաև ձեռագրերը մնացել են Արցախում։

Արցախցիների շրջանում մեծ հաբավ ու սեր վայելում էր Իշխան Փարավոնովիչի կերպարը։

Նկատենք, Համլետ Մարտիրոսյանի տիկինը՝ Նաիրա Աղաջանյանը, երբևէ եղել է նաև Համլետ Մարտիրոսյանի բեմական  զուգընկերը և Իշխան Փարավոնովիչի մասին ներկայացումներում մարմնավորել է Փարավոնովիչի կնոջ՝ Զումբրուդի անզուգական կերպարը:

Հոբելյանական ցերեկույթին հանդես եկան գրողի գրչընկերներ՝ արձակագիր Կիմ Գաբրիելյանը, բանաստեղծներ Հրանտ Ալեքսանյանը, Ռոբերտ Եսայանը, Դավիթ Միքայելյանը և Զինաիդա Բալայանը, քանդակագործ  Յուրի Հովհաննիսյանը: Նրա  ստեղծագործությունները ներկայացրին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ՝ ԱՀ վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյանը, Ռուզան Գասպարյանը, գրողի դուստր Նարե Մարտիրոսյանը:

Համլետ Մարտիրոսյանն անցյալ տարվա մայիսին Ստեփանակերտում հիմնադրված Արցախյան գրական միավորման նախագահն էր: Ինչպես նշեց ցերեկույթը վարող՝ հիշյալ միավորման անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը, Արցախյան գրողների միավորման  խորհուրդը Մարտիրոսյանին էր վստահել կազմակեպության նախագահի դժվար պարտականությունը՝ հիմք ընդունելով նրա սկզբունքայնությունն ու անաչառությունը, ինչպես նաև հանրային հեղինակությունը: Ցավոք, միավորումը չկարողացավ տևական գործունեություն ծավալել, քանի որ Արցախը գտնվում էր դաժան բլոկադայի մեջ, իսկ հետո տեղի ունեցավ արցախահայության բռնի տեղահանումը: Այդուհանդերձ, միավորումը կարողացավ անգամ բլոկադայի պայմաններում՝  իր անդամների թվից յոթ հոգու գրքերն անցյալ տարի  մատենաշարի ձևով հրատարակել Երևանում:

Ցերեկույթի վերջում երախտագիտական խոսքով հանդես եկավ հոբելյարը՝ Համլետ Մարտիրոսյանը, նույն ինքը՝ Մարտիրոս Ոբնեցի արձակագիրը, ճանաչված  դերասան Իշխան Փարավոնովիչը:

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ