Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Ծեծկռտուք սուպերմարկետի ավտոկայանատեղիում, որն ավարտվել է սպանության փորձով․ 3 անձի վերաբերյալ մեղադրանքով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են Երևան քաղաքում գործող սուպերմարկետի կայանատեղիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի հանգամանքները։

Նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 09:43-ի սահմաններում, Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում գործող սուպերմարկետի ավտոկայանատեղիից 32-ամյա վարորդի կողմից BMW մակնիշի ավտոմեքենան դուրս հանելու ժամանակ, սուպերմարկետի՝ արկղեր տեղափոխող 42–ամյա աշխատակցին տեղեկացրել են․ որ իր կողմից տեղափոխվող արկղերով բեռնված քարշակը խանգարում է ավտոմեքենային դուրս գալ, ինչին ի պատասխան՝ վերջինս անպարկեշտ արտահայտություն է հնչեցրել։ Հիշյալ ավտոմեքենայի վարորդի կնոջ 57–ամյա հայրը, լսելով իր փեսայի հասցեին ուղղված արտահայտությունը, փորձել է սաստել 42–ամյա տղամարդուն՝ քաշքշելով, ձեռքերով և ոտքերով հարվածելով վերջինիս մարմնի տարբեր մասերին։ 32–ամյա տղամարդը, տեսնելով այս ամենը, դուրս է եկել ավտոմեքենայից և ինքը ևս սկսել է հարվածներ հասցնել պահեստի աշխատակցին։

Վիճաբանությունն ավարտվելուց հետո պահեստի հիշյալ աշխատակիցը թիկունքից մոտեցել է 32-ամյա տղամարդու կնոջ հորը և, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ծակող-կտրող առարկայով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ։ Սակայն հանցագործությունը, նրա կամքից անկախ հանգամանքներով, չի իրագործվել․ բժշկական օգնության արդյունքում հնարավոր է եղել փրկել տղամարդու կյանքը:

Երբ 32–ամյա տղամարդը փորձել է խոչընդոտել սուպերմարկետի 42-ամյա աշխատակցի այդ գործողություններին, վերջինս ծակող-կտրող առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նաև նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա սուպերմարկետի պահեստի աշխատակցին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 57–ամյա տղամարդուն և նրա կնոջ հորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։

42–ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկու մեղադրյալների նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե