Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Մենք դարձել ենք մուննաթի ազգ․ Թաթուլ Մանասարյան (տեսանյութ)

«Այս կարծրատիպերից մի քիչ հրաժարվեք՝ քաղաքական, թե՞ տնտեսական ընտրություն։ Ասում ենք՝ Եվրամիություն, թե ԵԱՏՄ, այդ ի՞նչ բան է։ Մենք ունեցել ենք լավ շրջան մեր պատմության մեջ՝ եւ-եւ է եղել, ոչ թե կամ-կամ։ Ինչո՞ւ ենք դա մոռացել, ինչո՞ւ ենք տեղը զիջում տկարամտությանը։ Եվրոպան այնքան ազնիվ է, որ չի ասում՝ կամ-կամ»,- այսօր «ԵՄ-ԵԱՏՄ․ քաղաքական, թե՞ տնտեսական ընտրություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ դիմելով քննարկմանը մասնակցող մյուս մասնագետներին։

Մանասերյանը հավելեց․ «Ասում եք՝ եկեք քաղաքական խնդիր դնենք ու իշխանափոխություն անենք։ Եղբայր, 34 տարվա մեջ ծայրահեղությունից ծայրահեղություն ենք գնացել՝ կամ պետք է փորձել շողոքորթել իշխանությանը, տեղավորվել ինչ-որ տեղ, կամ պետք է ասել՝ իշխանափոխություն ենք անում։ Ե՞րբ պետք է մենք սովորենք աշխատեցնել կառավարությանը։ Երբեւէ մեզ ներողություն տվե՞լ ենք՝ աշխատելու։

Ոչ, անընդհատ գնացել ենք ցնցումների։ Մեզնից որեւէ մեկը չի պատկերացնում, թե վաղն ինչ է լինելու, ինչպես ենք մենք որպես պետություն եւ ազգ շարժվելու առաջ։ Եվ գիտե՞ք ինչու՝ 34 տարվա մեջ մենք չկարողացանք ձեւակերպել պարզ նախադասություն, ո՞րն է մեր երկրի զարգացման տեսլականը, ունե՞նք տեսլական։ Եթե մենք մեր անունը դրել ենք փորձագետ, չպե՞տք է հուշենք կառավարությանը, եղբայր, մի բան ձեւակերպենք, նոր դուրս գանք այս լսարանից։ Չի կարելի ամեն օր արթնանալ՝ ձախ ոտքի վրա կամ աջ եւ ըստ այդմ որոշել՝ Եվրամիություն, թե՞ ԵԱՏՄ։ Տեսլականը պետք է հստակ լինի՝ ազգային օրակարգ, ազգային առաջնահերթություններ։

Ունե՞նք դա։ Մեկ-մեկ մեզ նայենք կողքից՝ ո՞վ ենք դարձել մենք։ Րաֆֆին ժամանակին ասում էր՝ մեզ ոչ ոք բարեկամ չեղավ, որովհետեւ մենք ինքներս մեզ բարեկամ չեղանք։ Մենք դարձել ենք մուննաթի ազգ՝ իսկ ի՞նչ կտա ԵՄ-ն, ի՞նչ կտա ԵԱՏՄ-ն։ Ոչ մի բան էլ չի տա, շարժվեք տեղից, աշխատեք, կոնկրետ տնտեսական ու քաղաքական նպատակներ դրեք ու գնացեք դեպի դա՝ քայլ առ քայլ։ Ու կապ չունի, թե որ կառավարությունն է այնտեղ նստած»։