Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՄՆ դեսպանատուն
A A
Քաղաքականություն

Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը․ ԱՄՆ դեսպանություն

Ողջունում ենք խաղաղության ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարվող աշխատանքները, աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից՝ ի պատասխան «Լուրեր»-ի հարցմանը, թե ինչպես է Միացյալ Նահանգները գնահատում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու հայկական կողմի առաջարկը:

«Մենք ողջունում ենք բարեխիղճ ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը և տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հասնելուն։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել հետագա քայլերին կողմերի համար օգտակար ցանկացած ձևով։

Կողմերը վերջին տարվա ընթացքում նշանակալի առաջընթաց են ունեցել։ Մենք քաջալերում ենք կողմերին՝ պահը բաց չթողնել, շարունակել նախկին բանակցությունները և հնարավորինս շուտ ստորագրել համաձայնություն։

Միացյալ Նահանգները հստակ փաստել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Կարծում ենք՝ շարունակվող բռնությունները խաթարում են տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի ունեցած առաջընթացը»,- նշել են ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունից։

Դեսպանությունից նաև հույս են հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ կստորագրեն տևական խաղաղության համաձայնագիր՝ ճանաչելով ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։