Բացել լրահոսը Փակել լրահոսը
աժ
A A
Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ

Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է:

Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարիա Կարապետյանը, հունիսի 26-ին հանդիպում է ունեցել Դաիգա Միերինյայի հետ:

Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն ընդգծել է Լատվիայի՝  թե՛ որպես երկկողմ գործընկերոջ եւ թե՛  որպես ԵՄ անդամի հետ հարաբերությունների զարգացման կարեւորությունը:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջեւ կապերի ակտիվացման հարցը՝ առաջարկելով համագործակցություն նախաձեռնել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ, ինչպես նաեւ «Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ» (NB8) ձեւաչափի շրջանակում:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ խնդրել վերջինիս աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում:

ՀՀ ԱԺ պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեն Սիմոնյանը Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյային հրավիրել է այցելել Հայաստանի Հանրապետություն:

Հանդիպումից հետո գործընկերները հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ: