Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հայ ժողովուրդն ակնկալում է ժողովրդավար պետությունների աջակցությունը. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Բուխարեստում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել նստաշրջանի ընթացքում: Իր ելույթում հայ պատգամավորն ասել է.

«Անվիճելի է, որ մարդու ապրելու համար ամենահարմար միջավայրը պետությունն է, իսկ պաշտպանված, ազատ ու բարեկեցիկ ապրելու միջավայրը` ժողովրդավար պետությունը, որտեղ ազատ ընտրությունը կարեւորագույն արժեք է:

Ցավոք, հիմա շատ ուղիղ եւ շատ ուժգին հարձակում է տեղի ունենում ժողովրդավարության դեմ, ոչ թե տարածքային ամբողջականության, ոչ թե մարդու իրավունքների, այլ հենց ժողովրդավարության, որովհետեւ առանց դրա չկան ոչ տարածքային ամբողջականություն եւ ոչ էլ մարդու իրավունքներ:

Ժողովրդավարությունն այսօր պաշտպանության կարիք ունի առավել քան երբեւէ, եւ ժողովրդավար պետությունների համախմբումն ու համատեղ պայքարն ավտորիտարիզմի դեմ կկարողանա ապահովել ազատություն մեր ժողովուրդների համար:

Հենց դրա համար էլ Հայաստանի Հանրապետությունը, անշեղորեն շարժվելով ժողովրդավարության ճանապարհով, հաստատակամորեն գնում է դեպի եվրաինտեգրում, դեպի ժողովրդավարական արժեքներ: Հայ ժողովուրդն իր ազատության եւ անկախության համար պայքարի ընթացքում ակնկալում է ժողովրդավար պետությունների աջակցությունը` հանուն ազատության հաղթանակի:

Մենք հստակ շարժվում ենք խաղաղության օրակարգով` փորձելով հարթել բոլոր տեսակի խնդիրները մեր հարեւանների հետ: Այս իմաստով եւս մեկ անգամ պետք է կարեւորեմ Հայաստանի կողմից տարածաշրջանի երկրներին առաջարկվող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը համակեցության եւ խաղաղության մասին է: Այս գործընթացներում եւս չափազանց կարեւոր է եվրոպական ընտանիքի դերը: Եվ ուրեմն, չկա ազատություն, չկա խաղաղություն, եթե չկա ժողովրդավարություն:

Կեցցե' ժողովրդավարությունը»: