A
A
ժամանակն է՝ կողմնորոշվենք, թե որտե՞ղ ենք ուզում լինի Հայաստանը․ Արամ Սարգսյան
Աջակցիր «Ա1+»-ին«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
ժամանակն է՝ կողմնորոշվենք, թե որտե՞ղ ենք ուզում լինի Հայաստանը 10-20 տարի հետո
Աշնանը, ըստ մեր ԱԳՆ-ի, COP29-ից հետո, ՀՀ-ն կարող է ունենալ անվտանգային խնդիրներ։
Չի բացառվում, որ սադրանքը իրականացվի հենց սահմանազատված տարածքներում։ Ինչու՞: Որովհետև, ոմանց կարծիքվ, այդպես հնարավոր է հասնել իշխանափոխության, իսկ նոր ձևավորված իշխանությունն էլ կապահովի ոմանց համար բաղձալի նոյեմբերի 9-ի 9-րդ կետի իրականացումը։
Ի՞նչ տարբերակներ ունի ՀՀ-ն նման զարգացման հնարավորությունը փոքրացնելու համար։
Տարբերակ 1. Մինչև աշուն անցկացնում ենք ԵՄ անդամակցության հանրաքվե։ ՙԱյո՚-ն հիմք ընդունելով՝ հայտ ենք ներկայացնում և մեկ տարվա ընթացքում դուրս ենք գալ ԵԱՏՄ-ից։
Տարբերակ 2. Դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից և ԱՄՆ-ի հետ ստորագրում այնպիսի համաձայնագիր՝ ինչպիսին ունի Վրաստանը։
Այս երկու տարբերակների դեպքում էլ ՀՀ-ի վրա հարձակվելը Ադրբեջանի պարագայում կնշանակի ամբողջությամբ տեղավորվել ՌԴ ուղեծրում, որ, անկասկած, չի մտնում Իլհամ Ալիևի ծրագրերի մեջ, հակառակ պարագայում վաղուց ուժային տարբերակով նոյեմբերի 9-ի 9-րդ կետը իրականացրած կլիներ։
Նշածս 2 տարբերակներից ո՞րը կընտրի ՀՀ իշխանությունը:
Չգիտեմ:
Բայց նույնիսկ չեզոքության տարբերակի կողմնակիցները ստիպված են ընդունել, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում լինելով՝ չեզոք չես լինի։
Վրաստանը և Ադրբեջանը ՌԴ ռազմաբազա չունեն, նրանք ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ չեն ու ՌԴ-ից էլ մեզնից պակաս չեն օգտվում։ Սա իմիջիայլոց...
Տարածաշրջանային տարբերակի ջատագովներին էլ ասեմ, որ 21-րդ դարում աշխարհից տարանջատ տարածաշրջաններ չկան։ Թուրքիան իր ազդեցությունը տարածաշրջանում մեծացնում է ՆԱՏՕ-ի անդամակցությամբ և ԵՄ ընտանիքին մաս կազմելու հայտով։ Ադրբեջանը իր ազդեցությունը մեծացնում է Թուրքիայի նման մեծ եղբայր ունենալով և Իսրայելի միջոցով Արևմուտքի հետ կապով։
Վրաստանը՝ ԱՄՆ աջակցությամբ, ԵՄ անդամակցության սահմանադրական պահանջով։ Իրանը՝ շիա մահմեդականության կենտրոնը լինելով։
Հարց՝ իսկ ՀՀ-ն ումո՞վ: ՌԴ-ո՞վ, որ ըստ ԱԽ քարտուղարի, բարեհաջող հանձնեց Արցախը Ադրբեջանին, թե՞ ՀԱՊԿ-ով, որ չի ճանաչում ՀՀ սահմանները...
Անգամ 80 միլիոն բնակչությամբ Թուրքիան ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և թուրքալեզու ժողովուրդների աջակցությամբ է իր շահերը սպասարկում տարածաշրջանում: Հայաստանը միայնակ ինչպե՞ս է դա անելու...
Հարցս բացարձակապես հռետորական չէ և ժամանակն է՝ մենք կողմնորոշվենք, թե որտե՞ղ ենք ուզում լինի Հայաստանը 10-20 տարի հետո և, ըստ այդմ էլ, ժամանակ չկորցնենք ու հենց այսօր անենք առաջին քայլը, քանի դեռ նման քայլ անելու հնարավորությունը կա...