Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում․ ի՞նչ արդյունք կա օրենքի կիրառումից ավելի քան 3 տարի անց (տեսանյութ)

«Շատ կարևոր է, որ քաղաքացիները տեսնեն, թե ինչ գույք է վերադարձվում պետությանը, և որտեղ են դրանք գտնվում։ Մենք վերջերս ենք վերադարձել Իտալիայից և տեսանք, որ դա տեղի էր ունենում հանրային մասնակցությամբ՝ ՏԻՄ-երի, քաղաքացիական հասարակության։ Նման գործընթացներ Հայաստանում դեռ չեն մշակվել»,- «Ա1+»-ի տաղավարում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառման արդյունավետությանը վերաբերող քննարկման ժամանակ ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Քննարկումը կազմակերպվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են «Հանրային լրագրության ակումբը», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը։

Սոնա Այվազյանը, կարևորելով ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը, հավելեց, որ այն գործում է ընդամենը 3,5 տարի, և դա կայացման, ավելի մեծ արդյունավետությամբ աշխատելու համար կարճ ժամանակ է։

Ապօրի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառման արդյունավետությանը վերաբերող քննարկմանը նաև մասնակցում էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանը, որն էլ ասաց,  որ թե տվյալ իրավապահ ստորաբաժանումը, դե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը քննող Հակակոռուպցիոն դատարանը ռեսուրսների խնդիր ունեն՝ դատախազների, դատավորների և այլ մասնագետների քանակը քիչ է, և այդ փոքրաթիվ ռեսուրսներով չեն կարող մեծ քանակությամբ գործեր ուսումնասիրել։

Համլետ Հարությունյանը նաև ասաց, որ նախկին պաշտոնյաների հետ միասին գործող իշխանությունների որոշ ներկայացուցիչների նկատմամբ նույնպես գործեր են հարուցվել։ Նրա ներկայացմամբ՝ այդ պաշտոնյաներից ոմանք պաշտոնավարել են մինչև 2018թ․՝ մինչև հեղափոխությունը և շարունակել են պաշտոնավարել նաև գործող իշխանությունների օրոք։ Որոշներն էլ 2018թ․ հեղափոխությունից հետո են պաշտոն զբաղեցրել։ Պարոն Հարությունյանը, սակայն, չցանկացավ նշել այդ մարդկանց անունները կամ գոնե ասել, թե քանիսն են նրանք։

Մանրամասները՝ տեսանյութում։