ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում և 73 այլ բնակավայրում կնշվի Երիտասարդության միջազգային օրը
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այս կապակցությամբ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում և հանրապետության մի շարք համայնքներում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ:
Դրանք նախատեսվում են հանրապետության բոլոր մարզերում՝ 73 բնակավայրերում և Երևան քաղաքում (ծրագրերը կցվում են):
Մինչ միջոցառումների ցանկը կազմվել և հաստատել է՝ հաշվի առնելով երիտասարդների շրջանում անցկացված հարցման արդյունքները, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության և Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Երիտասարդության օրվան ընդառաջ անցկացված առցանց հարցման նպատակն էր կարևորել երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը՝ այդ օրը կայանալիք միջոցառումները նրանց ցանկություններին և ժամանցային նախասիրություններին համապատասխան կազմակերպելու համար: Դա հնարավորություն էր՝ հանդես գալու սեփական գաղափարներով, ինչպես նաև մասնակցելու միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին կամ անձամբ կազմակերպելու որևէ միջոցառում։
Այսպիսով, մասնավորապես 2024 թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում օգոստոսի 12-ին նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ սպորտային-ժամանցային մրցույթ, հեծանվաերթ-իրազեկում, առողջ ապրելակերպի վերաբերյալ ինտերակտիվ քննարկում, տեսանյութեր /ռիլեր/ պատրաստելու մրցույթ, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողության հասած երիտասարդների մասնակցությամբ, նկարազարդման վարպետության դաս և գործնական աշխատանք, քվեսթ, թվային տեխնոլոգիաների կանգառ, երիտասարդական ծրագրերի տեղեկատվական տաղավար և այլն: Օրը կամփոփվի համերգային կատարումներով:
Միջոցառումների հագեցած օրակարգը կշարունակվի նաև օգոստոսի 13-ին՝ երիտասարդների մասնակցությամբ «Ակադեմիական քաղաք» նախագծի քննարկմամբ:
Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գավառի համայնքապետարանի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» հայկական մասնաճյուղի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ԱՀԿ Հայաստանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության, Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության, ինչպես նաև «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, Գավառի երիտասարդների տան, «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ի, «Բայազետ» կենտրոնի, «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի, «Դը Բոդի Շոփ»-ի համատեղ ջանքերով։
ՀՀ ամբողջ տարածքում միջոցառումները կազմակերպվել են պետական և համայնքային կառույցների, Երևանի քաղաքապետարանի և երիտասարդական կազմակերպությունների կողմից:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ