Բացել լրահոսը Փակել լրահոսը
default
A A
Մշակույթ

«Քոչարի և Ազնավուրի հրաշանաց աշխարհներում»

 Երվանդ Քոչարի թանգարանի վերափոխված միջավայրում կազմակերպված «Սրճարաններում» ցուցահանդեսը նվիրված է ականավոր քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարի 125 և աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյաններին։

Ցուցադրությունը ներկայացնում է Քոչարի սրճարանային թեմաներով ստեղծագործություններ, որոնք ուղեկցվում են Ազնավուրի երգերով, անիմացիաներով ու նորատիպ էֆեկտներով:

«Ազնավուրն ու Քոչարն այն մեծություններն են, որոնցով կարող է հպարտանալ յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգ»,– նշեց Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։

«Մոտ մեկ ու կես տարի առաջ առաջացավ այս գաղափարը, երբ առաջարկ եղավ ներկայացնել նախագիծ Ազնավուրի 100–ամյա հոբելյանի շրջանակում։ Մեր այս նախաձեռնությունը հավանության արժանացրեց ՀՀ կառավարությունն ու «Ազնավուր» հիմնադրամը: Կար հուշագրություն, որ Երվանդ Քոչարը մտերիմ է եղել Շարլ Ազնավուրի հոր՝ Միշա Ազնավուրի հետ և որոշ նյութեր հաշվի առնելով եկել ենք այն եզրակացության, որ Երվանդ Քոչարը ձևավորել է Ազնավուրների ընտանիքին պատկանող «Կովկաս» ռեստորանի ցուցանակը: Երբ մշակում էինք ցուցահանդեսի ձևաչափը, Ֆրանսիայի ազգային գրադարանում գտանք մի ճաշացանկ, որը, ենթադրում ենք, ձևավորել է Քոչարը, որովհետև այն տարեթվով ու ձեռագրով համահունչ է Քոչարի ստեղծագործություններին։ Ի դեպ, այդ տարիներին Քոչարի բնակարանը գտնվել է ռեստորանից ոչ շատ հեռու»,– ներկայացրեց տիկին Քոչարը և հավելեց․

«Հայ ժողովուրդն իր երկու հանճարեղ զավակների կայացման համար անվերապահորեն պարտական է Ֆրանսիային, քանի որ և Քոչարը, և Ազնավուրը ապրել, ստեղծագործել են Ֆրանսիայում: Ֆրանսիացի ժողովուրդն էլ պարտական է հայ ժողովրդին ֆրանսիական արվեստում այս երկու արվեստագետների ավանդի և ներդրման համար»։

Ցուցահանդեսի բացմանը կայացավ նաև «Քոչարի և Ազնավուրի հրաշանաց աշխարհներում» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն ներկայացնում է Ազնավուրի երգերի ընտրանին՝ ձևավորված Երվանդ Քոչարի ստեղծագործությունների վերատպություններով: Ի դեպ, Ազնավուրի երգերի տեքստերի թարգմանությունների հեղինակները Պերճ Թյուրաբյանն ու Աբրահամ Ալիքյանն են։ Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 10-ը։