Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Մեկնարկում է Վահագն Ստամբոլցյանի անվան Երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնը (տեսանյութ)

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր Հայաստանում կանցկացվի Վահագն Ստամբոլցյանի անվան Երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնը:

Հայաստանյան երգեհոնահարների հետ միասին փառատոնն իրենց ներկայությամբ կզարդարեն Ջոշեմ Շուրմանը (Նիդերլանդներ), Էուջենիո Մարիա Ֆաջանին (Իտալիա), Պիտեր Կլայիներթը (Գերմանիա), Նարինե Սիմոնյանը (Ֆրանսիա), Սալվատորե Պրոնեստին (Իտալիա/Գերմանիա):

Հայկական երգեհոնային դպրոցը կներկայացնեն Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Հովհաննես Մանուկյանը, Արմեն Աղաջանյանը,  Դավիթ Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանը, Մարինա Նահապետյանը, Արփինե Հարությունյանը և այլք:

Փառատոնային համերգները կանցկացվեն Երևանում, Կապանում, Չարենցավանում և Գյումրիում: Կիրականացվեն նաև Կոմիտասին և Ավետ Տերտերյանին նվիրված ծրագրային համերգներ: Կնչեն ինչպես դասական երգեհոնային, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ: 

Փառատոնի ընթացքում կանցկացվեն վարպետության դասեր արտերկրից ժամանած երգեհոնահաների կողմից:

Սեպտեմբերի 25-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա փառատոնի բացման համերգը՝ նվիրված Կոմիտասի 155-ամյակին:

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության առաջին միջազգային փառատոնը անցկացվել է 2022 թվականին, որին արտերկրից մասնակցել էին Ֆաբիո Մաչեռան (Իտալիա), Լադա Լաբզինան (Ռուսաստան), Կոնստանտին Վոլոստնովը (Ռուսաստան), Ժան-Պիեռ Սթեյվերսը (Նիդերլանդներ), Եվգենի Ավրամենկոն (Ռուսաստան): Վերջին երկու երգեհոնահարները համերգներով հանդես էին եկել նաև Չարենցավանում ու Կապանում: